Հայաստանն ուզում է ներդրում կատարել Իրանի ավտոարդյունաբերության մեջ. իրանցի պաշտոնյա

Մոհամադ Կարբասին ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որ Իրանի հետ ցամաքային սահման ունի, և պետք է օգտվել այդ հանգամանքից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հայաստանն ու Իրանն ուզում են զարգացնել համագործակցությունն ավտոմոբիլային արդյունաբերության մեջ, քանի որ դա երկու երկրների համար էլ շահավետ է։ Ինչպես հայտնում է bultannews.com–ը` այս մասին հայտարարել է Իրանի առևտրային պալատի փոխնախագահ Մոհամադ Կարբասին։
Նրա խոսքով` Հայաստանը ցանկություն է հայտնել ներդրումներ իրականացնել Իրանի ավտոարդյունաբերության ոլորտում, և դա լավ հնարավորություն է Հայաստանով դեպի Եվրոպա և Եվրասիայի երկրներ ապրանքների և մեքենաների արտահանման համար։ Այս համատեքստում նա ընդգծել է, որ Հայաստանը ԵԱՏՄ միակ երկիրն է, որը Իրանի հետ ցամաքային սահման ունի, և պետք է օգտվել դրանից։
«Դեպի Հայաստան արտահանումը բարելավելու համար անհրաժեշտ է ապահովել մաքսային ենթակառուցվածքն ու մի փոքր փոփոխել մաքսային օրենսդրությունը», – գրում է պարբերականը` հղում անելով Կարբասիին։
Նշենք, որ ներկայում Իրանից Հայաստան հիմնականում հեղուկ գազ, նավթամթերք, պոլիմերներ (պոլիէթիլեն և այլն), ցեմենտ, ամրանների և պողպատյա այլ իրերի փոքր քանակություն, շինանյութ, ինչպես նաև միրգ ու բանջարեղեն է ներկրվում։ Հայաստանից Իրան է արտահանվում էլեկտրաէներգիայի փոքր ծավալ ու ոչխարի միս։
Մյուս ապրանքների արտահանումը սահմանափակ է, քանի որ նախկինում իրանական շուկայում կոշտ պաշտպանական միջոցներ էին կիրառվում։ Բացի այդ` արևմտյան պատժամիջոների պատճառով իրանական բանկերն անջատված են SWIFT միջազգային փոխանցումների համակարգից։