Եկեղեցու դիրքորոշումը կարևոր է, բայց Հիսուսի արձանը ճարտարապետական կոթող է. հանձնախումբ

Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հայտարարություն է տարածել` անդրադառնալով Հայ Առաքելական եկեղեցու կարծիքին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի մրցութային հանձնախումբը հայտարարում է, որ Հայ Առաքելական եկեղեցու դիրքորոշումն իրենց համար շատ կարևոր է և գնահատելի: Սակայն Հիսուս Քրիստոսի արձան-համալիրը ճարտարապետական կոթող է, որը նպատակ ունի դառնալ միաբանության խորհրդանիշ ոչ միայն հայ ժողովրդի, այլ ողջ աշխարհի մարդկության համար: Նման հայտարարությամբ է հանդես եկել արձան-համալիրի մրցութային հանձնախումբը` ըստ երևույթին փաստելով, որ առաջ են շարժվելու։
Մարտի 24-ին Հայ առաքելական եկեղեցին հանդես էր եկել հայտարարությամբ, որով հորդորում էր Գագիկ Ծառուկյանին զերծ մնալ Հիսուս Քրիստոսի արձանի պատրաստումից։ Նշվում էր, որ նման արձանը հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։
«Հիսուս Քրիստոսի մոնումենտալ արձան-համալիրի հանձնախումբն ամփոփել է մրցութային առաջին փուլը՝ հնարավորություն տալով 21 հեղինակներին մեկամսյա ժամանակահատվածում լրամշակել իրենց աշխատանքները: Գոհունակությամբ ցանկանում ենք փաստել, որ հանրային դիսկուրսը համարում ենք կայացած, քանզի առ այսօր շարունակում ենք ստանալ հարյուրավոր առաջարկներ Հայաստանից, Սփյուռքից և Արցախից՝ Քրիստոսի արձանի ճարտարապետական լուծումների, տեղադրման վայրի և այլ հարցերի վերաբերյալ»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մոնումենտալ կոթողը մեծ ներուժ ունի դառնալու առաջին քրիստոնյա պետության այցեքարտն աշխարհում ու մեծ թվով զբոսաշրջիկներ ներգրավելու: Արձան-համալիրի մրցութային հանձնախումբը լիահույս է, որ աստվածահաճո այս առաքելության մեջ «միաբան ենք»:
Հայաստանում Հիսուսի արձան տեղադրելու մասին Ծառուկյանը տեղեկացրել էր հունվարի 14-ին և ընդգծել, որ նախագծի իրականացման համար մրցույթ է հայտարարում, որի ընդունման վերջնաժամկետը փետրվարի 20-ն էր։
Նշենք, որ ԲՀԿ առաջնորդի ցանկությամբ՝ միայն արձանը` առանց պատվանդանի, պետք է լինի 33 մետր։