ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արցախի տեղեկատվական շտաբը հայտնում է, որ մարտի 28-29-ի լույս գիշերը՝ մինչև առավոտյան ժամը 10:00-ն, Արցախի առաջնագծի երկայնքով հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել։ Սակայն օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է լարված՝ մարման որոշակի դրական միտմամբ:
«Ադրբեջանական զորքերը շարունակում են մնալ Քարագլխի՝ Փառուխին հարակից հատվածում ամրացված նույն հենակետերում: Իսկ Արցախի զինված ուժերը շարունակում են պաշտպանական դիրքերի ամրացման ու թշնամու զսպման լրացուցիչ միջոցառումների կատարումը»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ շարունակական աշխատանքներ են տարվում ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ՝ նպատակաուղղված ադրբեջանական հնարավոր սադրանքների կանխմանը և ադրբեջանական զինված ուժերին իրենց ելման դիրքեր վերադարձնելուն:
Արցախի պատկան մարմինները բոլոր հնարավոր մեխանիզմներով հետևում են իրադրությանն ու ադրբեջանական կողմի գործողություններին, և, ըստ կարիքի, լրացուցիչ հրապարակումներով կտեղեկացնեն իրավիճակի զարգացումների վերաբերյալ:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։