ԵՐԵՎԱՆ, 29 մարտի – Sputnik. Արարատի մարզում սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է հացի արտադրամասի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ–ն` ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ հրապարակելով։
Նշվում է, որ սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ են հայտնաբերել անհատ ձեռնարկատեր Սամվել Առաքելյանին պատկանող հացի արտադրամասում:
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի տեսուչները կասեցրել են ա․ձ․ Սամվել Առաքելյանին պատկանող հացի արտադրամասոի (քաղաք Արտաշատ) արտադրական գործունեությունը
Մասնավորապես, արտադրամասը ապահովված չի եղել առանձին կենցաղային տարածքով, արտադրական հատվածը չի համապատասխանել հիգիենայի պահանջներին, սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը չեն ենթարկվել պատշաճ մաքրման ու ախտահանման։
Բացի այդ, չեն ձեռնարկվել համապատասխան միջոցներ՝ կենդանիների, միջատների մուտքը արտադրամասի տարածք կանխելու նպատակով։ Իսկ սննդի շղթայում ներգրավված անձնակազմը չի ենթարկվել պարտադիր նախնական և պարբերական բժշկական զննությունների:
ՍԱՏՄ–ն ժամանակ է տվել խախտումներն ու թերացումները վերացնելու համար: