ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում բացառվում է։ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստի ժամանակ պատասխանելով հանձնաժողովի անդամ Անդրանիկ Թևանյանի հարցին` այս մասին ասաց ԱԳ փոխնախարար Արմեն Ղևոնդյանը, շեշտելով, սակայն, որ դա չի ասում որպես պաշտոնյա։
«Որպես քաղաքացի` իհարկե բացառում եմ»,–ասաց Ղևոնդյանը։
Նրա խոսքով` Արցախի կարգավիճակի հարցը գտնվում է բացառապես Արցախում բնակվող հայության իրավասության գոտում։
Թևանյանի դիտարկմանը, թե ՀՀ–ն պատասխանատվություն չունի՞ այս հարցում` Ղևոնդյանն արձագանքեց, թե պատասխանատվությունը մեկ այլ բան է։
Իսկ Թևանյանի հարցերին, թե ի՞նչ իրավիճակ է Քարագլխում և Փառուխում, ինչո՞վ է պայմանավորված, որ Շուշիի հռչակագրին արձագանք չեղավ, փոխնախարարը արձագանքեց` գրավոր կպատասխանեն։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, նույն օրը կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: