ԵՐԵՎԱՆ, 28 մարտի – Sputnik. Հայաստանում տարեցտարի ավելանում է հոգեկան առողջության խնդիրներ ունեցողների թիվը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։
Մեր բնակչության 60%–ի մոտ նկատվում է միջին և ծանր սթրես, 30%-ի դեպքում սթրեսից առաջացել են տարբեր խնդիրներ` հոգեկանից մինչև մարմնական: Հետազոտությունն իրականացվել է 2021 թվականին` համավարակի առաջին ալիքից ու 44–օրյա պատերազմից հետո։
ՀՀ կառավարության որոշմամբ ու ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության համակարգմամբ արցախյան 44-օրյա պատերազմից հետո առաջին անգամ իրականացվել է հոգեբանական աջակցության ծրագիր։ Վերջին 6 ամսվա ընթացքում դրանից օգտվել են 1400 շահառու։
ՀՀ ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության գլխավոր կազմակերպիչ Արմինե Աղաջանյանը նշում է, որ հիմնականում իրականացվում է անհատական և խմբային հոգեթերապիա և հոգեբանական աջակցություն։
«Շատ ակտիվ գործում է հոգեբանական թեժ գծի ծառայությունը, իրականացվում են նաև առցանց խորհրդատվություններ»,– ասում է Աղաջանյանը։
Նշվում է, որ հոգեբանական խնդիրները սկսվում են սթրեսից, իսկ դրա պատճառը կարող է լինել բնությունից կտրված լինելը, չսիրած գործով զբաղվելը, ինչպես նաև բացասական տեղեկատվությունը։