Ամերիկացի դերասան Ուիլ Սմիթը, որը «Օսկար» է ստացել «Ռիչարդ արքան» ֆիլմի համար, ԱՄՆ կինոակադեմիայի 94-րդ մրցանակաբաշխության ժամանակ որոշել է պաշտպանել իր կնոջը և հարվածել է վարող Քրիս Ռոքին. կազմակերպիչները ստիպված են եղել անջատել ձայնը։ Մրցանակաբաշխությունը հեռարձակում է ABC հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Ռոքը Սմիթի կնոջ՝ Ջեյդա Փինկետ Սմիթի սանրվածքի վերաբերյալ կատակ է արել։ «Սիրում եմ քեզ, Ջեյդա, չեմ համբերում` երբ եմ քեզ տեսնելու «Զինվոր Ջեյն 2» ֆիլմում», - ասել է հաղորդավարը՝ դերասանուհուն համեմատելով «Զինվոր Ջեյն» ֆիլմում Դեմի Մուրի ճաղատ կերպարի հետ: Ավելի վաղ Փինկետ Սմիթը խոսել էր մազաթափության խնդրի մասին ու արարողությանը եկել սափրած գլխով:
Այդ խոսքերից հետո Ուիլ Սմիթը բեմ է դուրս եկել և հարվածել գործընկերոջ դեմքին։ Երբ դերասանը վերադարձել է իր տեղը, նա բղավել է, որ Ռոքը չդիպչի իր կնոջը։
Հատկանշական է, որ միջադեպի տեսագրության մեջ երևում է, որ սկզբում Սմիթը լսարանի հետ ծիծաղում է հաղորդավարի կատակի վրա, բայց նրա կնոջ դեմքի արտահայտությունից երևում է, որ զինվոր Ջեյնի հետ համեմատությունը բոլորովին էլ Ջեյդայի սրտով չէ։