Սև ծովում կրկին ական է հայտնաբերվել. Թուրքիայի ՊՆ

Ծով
Վերջին օրերին արդեն երրորդ անգամ է ծովում ական հայտնաբերվում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Սև ծովում՝ Բուլղարիայի հետ սահմանին, հերթական ականն է հայտնաբերվել։ Հաղորդագրության համաձայն՝ մարտի 28-ի առավոտյան Իգնեադայի (Սև ծովի արևմտյան ափ. խմբ.) ափերի մոտ, Բուլղարիայի հետ սահմանից ոչ հեռու ական է հայտնաբերվել։
Դեպքի վայր են մեկնել տարածաշրջանի ստորջրյա պաշտպանության խմբերը (SAS)։ Չեզոքացման աշխատանքներ են սկսվել։
Անցած շաբաթ թուրքական ԶԼՄ-ները գրել էին Բոսֆորում հայտնաբերված ականի մասին։ Ավելի ուշ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, որ ջրում իրոք ական է հայտնաբերվել, որը չեզոքացվել է։ Նեղուցը ժամանակավորապես փակվել էր նավերի համար։
Հիշեցնենք` Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայությունը հայտարարություն էր տարածել, որ ուկրաինական ՌԾՈւ-ն 420 ական է տեղադրել սևծովյան նավահանգիստների մոտակայքում, որոնք կարող են հոսանքի պատճառով լողալ դեպի Բոսֆորի նեղուց և Միջերկրական ծովի ավազան:
Այդ հաղորդագրությունից հետո Թուրքիայի ռազմածովային ուժերը նավերին զգուշացում էին ուղարկել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ երկրի պաշտպանության նախարարությունը անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում Սև ծովում կուտակվող ականների մասին տեղեկատվության կապակցությամբ: