ԵՐԵՎԱՆ, 28 մարտի - Sputnik. Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհուրդն այսօր հրավիրված նիստում Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը գնահատում է խիստ լարված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
«Իրադրության վերլուծությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանի Հանրապետությունը, փորձելով գտնել մտացածին հիմնավորումներ, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ նոր սադրանքներ և հարձակում սկսելու համար, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությանը մեղադրելով խաղաղության պայմանագրի հարցում ապակառուցողական գործողությունների մեջ»,–ասվում է հայտարարության մեջ:
Անվտանգության խորհուրդը ստեղծված իրավիճակում հարկ է համարում ևս մեկ անգամ վերահաստատել Հայաստանի Հանրապետության ավելի վաղ հնչեցրած դիրքորոշումը եւ Ադրբեջանական Հանրապետությանն առաջարկում է անհապաղ բանակցություններ սկսել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ:
ՀՀ Անվտանգության խորհրդի նիստ (28 մարտի, 2022թ)․ Երևան
Անվտանգության Խորհուրդը, միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելով Լեռնային Ղարաբաղում եւ Հայաստան-Ադրբեջան սահմանին ռազմական բախումների հնարավորության վրա, անհրաժեշտ է համարում միջազգային զսպման մեխանիզմների գործարկումը՝ տարածաշրջանում նոր ռազմական էսկալացիա և էթնիկ զտում թույլ չտալու համար:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, ծավալված փոխհրաձգության արդյունքում հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին ՌԴ ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումներն Արցախի Փառուխ գյուղից։ Որոշ ժամանակ անց Ադրբեջանի ՊՆ-ն հերքեց այդ լուրը, սակայն ռուս խաղաղապահները մարտի 28–ին վերահաստատեցին, որ Փառուխն իրենց հսկողության տակ է։