ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Վրաստանում «երկրորդ ճակատ» բացելու անհրաժեշտության մասին Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովի հայտարարությունը վրդովմունքի ալիք է առաջացրել Թբիլիսիում ՝ թե՛ իշխող կուսակցության, թե՛ ընդդիմության շրջանում․ գրում է Sputnik Գրուզիան։
«Ուկրաինայի Անվտանգության խորհրդի քարտուղարը կոչ է անում Վրաստանին (և մյուսներին) հրաժարվել տարածքային ամբողջականության խաղաղ վերականգնման քաղաքականությունից և բացել մեր քաղաքների և գյուղերի ավերման երկրորդ ճակատը, որպեսզի վրացի կանայք և երեխաները մահանա՞ն։ Ճի՞շտ է»,- ասել է խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Նիկոլոզ Սամխարաձեն։
Ընդդիմադիր «Գիրչի» կուսակցության անդամ, պատգամավոր Սանդրո Ռակվիաշվիլիի կարծիքով՝ «հայտարարությունը անհանդուրժելի է»:
Վրաստանի խորհրդարանական մեծամասնության անդամ Միխայիլ Սարջվելաձեն նշել է, որ հայտարարությունը տհաճ տպավորություն է թողել, քանի որ պատերազմի ընդլայնումը և ռազմաճակատների բացումը անցանկալի են բոլորի համար:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուկրաինայի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտարարել էր, որ «այլ երկրների տարածքներում ՌԴ–ի համար լրացուցիչ ռազմաճակատների բացումը շատ կօգնի Ուկրաինային պայքարել ռուսական հարձակման դեմ»:
Մասնավորապես, Ուկրաինայի պաշտոնական ներկայացուցչի ռազմաքաղաքական երևակայությունները վերաբերում էին Արցախին, Վրաստանին և Մերձդնեստրին։