ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Ռուսաստանը և Ուկրաինան բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Թուրքիայում։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Ժողովրդի ծառա» խորհրդարանական խմբակցության ղեկավար, պատվիրակության անդամ Դավիթ Արահամիան։
Նա նշել է, որ բանակցության մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել մարտի 27-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսի ընթացքում։
«Տեսակոնֆերանսի ընթացքում պայմանավորվել ենք բանակցությունների հերթական փուլն անցկացնել Թուրքիայում մարտի 28-30-ը», - հայտարարել է նա:
Ավելի ուշ Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին իր Telegram-ալիքում գրեց, որ այսօր ուկրաինական կողմի հետ տեսակոնֆերանսի ձևաչափով հերթական հանդիպումն է եղել։ Որոշվել է առերես հանդիպում կազմակերպել Ուկրաինայի պատվիրակության հետ մարտի 29-30-ը:
Հիշեցնենք՝ Ռուսաստանի և Ուկրաինայի պատվիրակությունների միջև վերջին հանդիպումը կայացել էր մարտի 14–ին առցանց ձևաչափով։ Մինչ այդ ՌԴ–ն ու Ուկրաինան բանակցությունների երեք փուլ էին անցկացրել Բելառուսում։ Երկրորդ փուլի ընթացքում կողմերը փոխըմբռնման էին հասել քաղաքացիների տարհանման, ապրանքների և դեղերի առաքման համար համատեղ հումանիտար միջանցքներ ապահովելու հարցում։
Ավելի ուշ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակն ասել էր, որ պատվիրակությունների միջև բանակցություններն ընթանում են անընդմեջ, ստեղծվել են աշխատանքային հատուկ խմբեր: