ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ։ Տեղեկությունը հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։
Նախագահ Հարությունյանը հանդիպել է բնակիչների հետ, քննարկել ստեղծված իրավիճակը։
Նախագահ Հարությունյանն այցելել է Ասկերանի շրջանի Խրամորթ և Խնապատ համայնքներ
Նշվում է, որ նախագահն Ասկերան քաղաքում շրջանի պատասխանատուների մասնակցությամբ անցկացրել է խորհրդակցություն։ Քննարկվել է վերջին օրերին Ադրբեջանի զինված ուժերի կողմից իրականացվող ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը։
«Երկրի ղեկավարը վստահեցրել է, որ գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կայունացնելու և ռուսական կողմի ջանքերով հակառակորդին ելման դիրքեր վերադարձնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։
Արայիկ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել առաջիկա անելիքների վերաբերյալ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: