ԵՐԵՎԱՆ, 27 մարտի - Sputnik. Բանակցություններից հետո ադրբեջանական կողմը հետ է քաշել իր ստորաբաժանումները Լեռնային Ղարաբաղի Փառուխ գյուղի շրջակայքից, հայտնել են ՌԴ ՊՆ-ից։
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի երկու խախտում է արձանագրվել Ասկերանի շրջանում: Փոխհրաձգության հետևանքով վիրավորվել է երկուական անձ՝ յուրաքանչյուր կողմից։ Հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ փոխգործակցությամբ ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության կողմից իրադրությունը կայունացել է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ ստորաբաժանումներն ապահովել են Լաչինի միջանցքով Ադրբեջանի զինված ուժերի երեք շարասյուների ուղեկցումը՝ երկուսը հյուսիսային և մեկը՝ հարավային ուղղությամբ:
Հսկողություն է իրականացվել 4 ուղղություններով՝ Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։
Մարտի 27–ին առավոտյան Արցախի տեղեկատվական շտաբը հայտնեց, որ մարտի 26-ի լույս 27-ի գիշերը և առավոտյան ժամը 9:00-ի դրությամբ օպերատիվ- մարտավարական իրադրությունը Արցախի շփման գծի ամբողջ երկայնքով, այդ թվում նաև արևելյան սահմանագոտում, հարաբերական կայուն է, հրադադարի էական խախտումներ չեն արձանագրվել: