ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik, Լիլիթ Դեմուրյան. Աշխարհում բազմաթիվ կրկեսներ կան, որտեղ առհասարակ կենդանիներ չկան, սակայն մյուս կողմից էլ շատ երեխաներ կրկես են գալիս հենց վայրի կենդանիներ տեսնելու համար։
Այսպես է կարծում Հայաստանում երևանյան կրկեսի գլխավոր ռեժիսոր, միակ կին կենդանավարժ Նաիրա Պետրոսյանը, որը Sputnik Արմենիայի հետ զրույցում խոսել է ՀՀ ԱԺ ընդունած օրինագծի մասին, համաձայն որի` կրկեսում արգելվում է վայրի կենդանիների օգտագործումը:
Երևանի կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց–ստուդիա
© Sputnik / Asatur Yesayants
«Ոլորտին ծանոթ եմ դեռ մանկուց, հորս հետ (կրկեսի տնօրեն Սոս Պետրոսյան` խմբ.) միշտ եմ եղել կրկեսում, բայց վայրի կենդանիների հետ համարներից վախեցել եմ։ Տարիներ անց սովորել եմ չվախենալ ու աշխատել նաև արջերի ու առյուծների հետ։ Մի կողմից գուցե ճիշտ որոշում է` վայրի կենդանիները հաճախ նաև վտանգ են ներկայացնում հենց իրենց վարժեցնողների համար։ Սակայն մյուս կողմից էլ սխալ եմ համարում, քանի որ երեխաները կրկես են գալիս ու առաջին հերթին ցանկանում են առյուծ ու արջ տեսնել, թեպետ ընտանի կենդանիների մասնակցությամբ համարներն էլ ոչ պակաս հետաքրքիր ու գեղեցիկ են»,– նշեց Պետրոսյանը։
Երևանի կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց–ստուդիայի սաները
© Sputnik / Asatur Yesayants
Նա ընդգծեց, որ մինչ վայրի կենդանիների վարժեցնելը, աշխատել է նաև այլ կենդանիների հետ` ջայլամների, լամաների, ձիերի, ավանակների, շների, բադերի, փղերի, խոզերի, նապաստակների, կապիկների, աղավնիների և այլն։ Հիշում է` նախկինում դեպքեր էին լինում, երբ իմանում էին, որ այդ ներկայացման ժամանակ վայրի կենդանիներ չեն լինելու, չէին գալիս կրկես։
Երևանի կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց–ստուդիա
© Sputnik / Asatur Yesayants
«Ժողովրդին կարելի է սովորեցնել, որ կրկեսը կարող է նաև առանց վայրի կենդանիների գոյություն ունենալ և ուրախացնել իր այցելուներին։ Շուրջ 10 տարի է, ինչ Երևանի կրկեսը փակվել է հիմնանորոգման համար, սակայն մինչ օրս մեր բեմադրած շոու ծրագրերին բազմաթիվ այցելուներ ենք ունենում, ու դրանք առանց վայրի կենդանիների են անցնում։ Ներկայացումներն ու շոու ծրագրերն ամեն ամիս անցկացվում են Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում»,– ասաց կենդանավարժը։
Երևանի կրկեսին կից Լեոնիդ Ենգիբարյանի անվան դպրոց–ստուդիայում էլ անվճար հիմունքներով սովորում է ավելի քան 100 սան, որոնք ամեն օր մի քանի ժամ պարապում են, որպեսզի կարողանան հանդիսատեսի առաջ հավուր պատշաճի ներկայանալ։ Երեխաները ստուդիայում սովորում են ակրոբատիկա և կրկեսային բոլոր ժանրերի համարները` «կատուշկա», «լիմպո», «խուլախուպ», օղակային մարմնամարզություն և այլն։
Հիշեցնենք` մարտի 23-ին ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, համաձայն որի` կեսներում կարգելվի օգտագործել լիազորված մարմնի կողմից հաստատված ցանկում ընդգրկված վայրի կենդանիներին։