ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը ադրբեջանական կողմին կոչ է արել դուրս բերել զորքերը Փառուխ գյուղից։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ներկա պահին խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կարգավորելու և հայկական ու ադրբեջանական զորքերն իրենց նախնական դիրքերը վերադարձնելու ուղղությամբ։
Հաղորդագրության մեջ ասվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում։
«Մարտի 24-25-ը Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը, խախտելով Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, մտել են Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի և ստեղծել դիտակետ։ «Bayraktar-TB 2» ԱԹՍ–ից չորս հարված է հասցվել Լեռնային Ղարաբաղի զինված կազմավորումների ստորաբաժանումներին Փառուխ գյուղի տարածքում»,–նշված է հայտարարության մեջ։
Լեռնային Ղարաբաղի տարածքում ռուսական խաղաղապահ զորախումբը չորս ուղղություններով` Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացրել։
Նշվում է, որ, ընդհանուր առմամբ, 2020 թվականի նոյեմբերի 23-ից մինչ օրս ռուսական խաղաղապահ զորախմբի ինժեներական և սակրավորական խմբերը չպայթած ականներից և արկերից մաքրել են 2358,9 հեկտար տարածք, 689,5 կմ ճանապարհ, 1937 շենք, հայտնաբերել և վնասազերծել 26257 պայթուցիկ առարկա։
Ռուս խաղաղապահների անվտանգությունն ապահովելու և հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբների հետ։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: