ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. ՌԴ ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել, որով գերատեսչությունը խորը մտահոգություն է հայտնել` կապված Արցախում լարվածության աճի հետ։
«2022 թվականի մարտի 26-ին ՌԴ ՊՆ տեղեկագրում արձանագրված` ռուսական խաղաղապահ զորակազմի պատասխանատվության գոտի զինված ներխուժման փաստերը և հրադադարի ռեժիմի պահպանման խախտումները հակասում են 2020 թվականի նոյեմբերի 9-ին ՌԴ–ի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների հայտարարության մեջ ամրագրած դրույթներին»,–ասվում է ՌԴ ԱԳՆ–ի տարածած հայտարարության մեջ։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հորդորում է ցուցաբերել զսպվածություն և ապահովել եռակողմ պայմանավորվածությունների բարձր մակարդակով և անշեղ կատարումը։
Նշվում է, որ ռուսական խաղաղապահ զորակազմի գծով երկու կողմերի հետ փոխգործակցությամբ միջոցներ են ձեռնարկվում տարածաշրջանում իրավիճակի դեէսկալացիայի համար։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Փետրվարի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: Լարվածությունն օրվա ընթացքում պահպանվել է։