Մտնում ես սահադաշտ, ասես օդում լինես․ շուտով հոկեյ կխաղան նաև 44-օրյայի զինհաշմանդամները

ՌԴ Խանտի Մանսիյսկ քաղաքում անցկացված պարալիմպիկ խաղերի ժամանակ ՀՀ պարա-հոկեյի թիմը սահադաշտում հանդիպեց աշխարհի ուժեղագույններից մեկի՝ ռուսական թիմի հետ։ Չհաղթեցին, բայց վերադարձան հայկական պարա-հոկեյը զարգացնելու վճռականությամբ։
Sputnik
Նրանք սահադաշտում են ոչ թե չմուշկներով, այլ հատուկ սահնակներով. սա պարա-հոկեյն է կամ սլեջ-հոկեյը, այլ կերպ ասած` հաշմանդամություն ունեցող մարզիկների համար հարմարեցված հոկեյը։
"Տարլան" (Ղազախստան) - Հայաստանի հավաքական հանդիպման մասնակիցները ավարտից հետո «Մենք միասին ենք։ Սպորտ» Պարալիմպիկ ձմեռային խաղերում (20 մարտի, 2022թ). Խանտի Մանսիյսկ
Հայաստանում պարա-հոկեյ սկսեցին խաղալ մոտ 2 տարի առաջ։ Կորոնավիրուսը, հետո էլ պատերազմը, երկար ժամանակով ընդհատեցին մարզումները։ Մի օր էլ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեն հրավեր ստացավ ռուս գործընկերներից՝ մասնակցելու Խանտի Մանսիյսկ քաղաքում կազմակերպվող միջազգային պարալիմպիկ խաղերին։ Հայկական պատվիրակությունը թեպետ ընդամենը 5 օր ուներ պատրաստվելու, բայց որոշեց ներկայանալ նաև հոկեյ սպորտաձևում։

Խաղացին լեգենդների դեմ

Մհեր Հովհաննիսյանն արդեն մոտ 20 տարի է՝ հոկեյի մարզիչ է։ Մարզում է թե՛ փոքրերին, թե՛ մեծերին, ինքն էլ նախկին հոկեյիստ է, հանդես է եկել Սանկտ Պետերբուրգի СКА ակումբում։ Խոստովանում է՝ իր այսքան տարիների մարզչական աշխատանքի կողքին վերջին 2 տարիները տարբերվող եղան։
Հայաստանի սլեջ-հոկեյի թիմը՝ «Մենք միասին ենք․ Սպորտ» մրցաշարի ժամանակ
«Էս երեխեքի հետ աշխատելն ինձ համար մի ուրիշ հաճույք է, ուզում եմ իրենց հետ շատ ավելի շատ աշխատել, ավելի շատ ժամանակ սառույցի վրա անցկացնել։ Ես ինքս կամքով շատ ամուր եմ, բայց իրենց հետ աշխատելիս ավելի ամրացա, իրենցից նոր բաներ գտա սովորելու՝ մարդկային, հոգեբանական, կամային։ Իրենց կենսուրախությունը զարմանալի է, իրենք սովորեցնում են ժպիտով ու ծիծաղով հաղթահարել խնդիրները»։
1 / 2
Սլեջ-հոքեյիստներ Այդոս Տոկտարբաևն ու Լիա Ղազարյանը "Տարլան" (Ղազախստան) - Հայաստանի հավաքական հանդիպման ժամանա «Մենք միասին ենք։ Սպորտ» Պարալիմպիկ ձմեռային խաղերում (20 մարտի, 2022թ). Խանտի Մանսիյսկ
2 / 2
Հայաստանի սլեջ-հոկեյի հավաքականի թիմի անդամներ Լիա Ղազարյանն ու Կարեն Գյուլամիրյանը
Ասում է՝ սկզբում, երբ այս աշխատանքի առաջարկը ստացավ, մտավախություն ուներ՝ ինչպես է լինելու։ Հատուկ դասընթացների մեկնեց Կորեա, Սեուլ, որտեղ սլեջ-հոկեյի մարզչի որակավորում ստացավ։ Հենց այնտեղ էլ սովորեց՝ հաշմանդամություն ունեցող մարզիկների հանդեպ պետք է երբեմն ավելի խիստ լինել ու պահանջկոտ լինել։ Հիմա այդպես է անում, մարզիկներն էլ արդարացնում են իր սպասումները։
«Խանտի Մանսիսյկում մեր թիմը խաղաց աշխարհի ամենաուժեղ թիմերից մեկի՝ Ռուսաստանի դեմ։ Իրենք Պեկինում չեմպիոններ դառնալու հավակնորդներ էին։ Գիտեք՝ ինչը ինձ շատ հուզեց․ մեր երեխաները սառցադաշտում չէին մտածում այն մասին, որ եթե լեգենդների դեմ են խաղում, ուրեմն շանս չկա, իրենք իսկապես խաղում էին, իրենց խաղից հաճույք էին ստանում»։
Հայաստանի պարա-հոկեյի թիմը մրցաշարում 4-րդ տեղը զբաղեցրեց, բայց մարզիչը վստահ ասում է՝ իսկապես գոհ է մեր ելույթից։ Հիմա ավելի ոգևորված են մարզվելու ու պատրաստվելու են Տորոնտոյում աշխարհի առաջնության խաղերին, որի հրավերը ստացան Խանտի Մանսիյսկում հանդես գալուց հետո։
Հայաստանյան պարա-հոկեյի թիմը միակն էր, որում նաև աղջիկներ կային։
Զվարթնոց օդանավակայանում դիմավորում են Խանտի Մանսիյսկից վերադարձած հայ մարզիկներին

Երբ այս հանդերձանքը տեսա, վախեցա, թե ոնց եմ մեջը մտնելու

35-ամյա Լիա Ղազարյանը հենաշարժողական ապարատի խնդիրներ ունի։ Սպորտով երբեք չի էլ հետաքրքրվել, նրա սպորտային առաջին փորձը հոկեյն է դարձել։ Ծիծաղելով պատմում է՝ 2 տարի առաջ սարսափով ձեռքը վերցրեց հոկեյի ծանր սաղավարտը, բավականին մեծ հանդերձանքն ու մտածեց՝ ինչպես է «դրանց մեջ մտնելու»։ Փորձեց։ Տարվեց։ Հոկեյի ադրենալինը ստիպում է բոլոր գործերը մի կողմ թողնել, անգամ իր հաշվին արձակուրդ վերցնել ու սահադաշտ շտապել։
Հայաստանի սլեջ-հոկեյի հավաքականի թիմի անդամ Լիա Ղազարյան
«Քանի որ միայն մեր թիմում աղջիկներ կային, բոլոր լրագրողները գալիս էին, մեզ հարցնում էին՝ էս ոնց եք համարձակվել խաղալ, ախր տղաները վայրենի են խաղում․․․ Սկզբում ես էլ էի վախենում, դե որ փոքրիկ էլ եմ, ասում էի՝ հեսա կգան, «վրայովս կանցնեն», բայց դե շատ լավ էր, իրենցից շատ բան սովորեցինք»։
Հայաստանի սլեջ-հոկեյի հավաքականի թիմի անդամ Լիա Ղազարյան

Կյանքում առաջին անգամ դարպասապահ էի, լավ էլ գոլեր պահեցի

38-ամյա Կարեն Գյուլամիրյանը 8 տարի առաջ կորցրեց ոտքը Վայքում զինվորական ծառայության ժամանակ։ Ականը պայթեց։ Ասում է՝ չհասցրեց էլ մտածել՝ ինչպես հաղթահարել իր հետ կատարվածը, նոր կարգավիճակը. ամեն ինչ ինքն իրեն ու շատ արագ ստացվեց։
Հայաստանի սլեջ-հոկեյի հավաքականի թիմի անդամ Կարեն Գյուլամիրյան
Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո սպորտն իրենն արեց։ Տարբեր մարզաձևեր փորձեց, բայց հոկեյը բոլորից առաջ անցավ։
«Առաջինը ես եմ մտել սառցադաշտ։ Նստեցի սահնակի վրա, բրդեցին ու արդեն սառցադաշտի կենտրոնում էի»,- ծիծաղելով պատմում է Կարենը։
Ասում է՝ նախկինում սննդի բիզնեսով էր զբաղվում, բայց հիմա որոշել է կենտրոնանալ հոկեյի վրա. արդեն ֆեդերացիա հիմնելու նախապաստրական բոլոր աշխատանքներն արված են, ինքն էլ գլխավորելու է այն։
Համաձայնում է իր ընկերների հետ՝ հաշմանդամությունն ինչ-որ առումով մոտիվացրել է ավելին անել, ձեռք մեկնել անհաղթահարելի թվացող գործերին ու հաղթել։ Այդպես էր նաև Խանտի Մանսիյսկում։ Պարա-հոկեյի թիմում 10 հոգի պետք է լինեն, մյուս թիմերում 5-ով սառցադաշտ էին դուրս գալիս, հետո անընդհատ փոխվում էին, մարզիկը կարողանում էր հանգստանալ։ Իսկ իրենք 6-ով էին, ծանրաբեռնվածությունը շատ մեծ էր, բայց պատվով դիմացան։ Կյանքում առաջին անգամ դարպասապահ էր։ Գոհ է` մի քանի գոլ պահեց, որոշներն անգամ սաղավարտով։
Հայաստանի սլեջ-հոկեյի հավաքականի թիմի անդամ Կարեն Գյուլամիրյան
«Հոկեյը շատ ուրիշ սպորտաձև է։ Որ մտնում ես սառցադաշտ, ոնց որ օդում լինես, մանավանդ էն տղաները, որ երկու ոտքերն էլ չունեն, ոնց որ թռնեն»։

Սա թանկ սպորտաձև է

Միջազգային պարալիմպիկ կոմիտեն որոշում կայացրեց արգելել ռուս մարզիկներին մասնակցել Պեկինի պարալիմպիկ խաղերին։ Հայաստանի ազգային պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյանն այս որոշումը տարօրինակ է անվանում։
«Չի կարելի հաշմանդամություն ունեցող մարզիկների վրա հոգեբանորեն այդպես ազդել։ Վստահ եմ, որ մեդալների կեսից ավելին իրենք էին տանելու, իրենք Պեկին էին գնացել բոլորին ջախջախելու, որովհետև աշխարհի հզորագույն թիմերից են»,- նշում է Աբրահամյանը։
Այդպես Ռուսաստանը որոշում կայացրեց արագ՝ մի քանի օրվա ընթացքում, «մինի-խաղեր» անցկացնել իրենց տարածքում՝ Խանտի Մանսիյսկում։
Հայաստանի Պարալիմպիկ կոմիտեի նախագահ Հակոբ Աբրահամյան
Հակոբն ասում է՝ սիրով ընդունեցին Ռուսաստանի հրավերը՝ մասնակցելու խաղերին, թեպետ նաև զգուշացրեցին՝ մեր մարզիկները շատ լավ պատրաստված չեն։ Ներկայացանք 3 սպորտաձևերում՝ դահուվազք, հոկեյ և սնոուբորդ․ սնոուբորդից ոսկի նվաճեցինք, իսկ ընդհանուր թիմային հաշվարկում 3-րդ տեղը զբաղեցրինք։ Այս մրցաշարը հրաշալի առիթ դարձավ Հայաստանում պարա-հոկեյը զագացնելու նախադրյալներ ստեղծելու համար։ Շեշտում է՝ հոկեյը թանկ սպորտաձև է, իսկ պարա-հոկեյը՝ ավելի թանկ։
Հայաստանի սլեջ-հոկեյի թիմը՝ «Մենք միասին ենք․ Սպորտ» մրցաշարի ժամանակ
Հիմա արդեն Տորոնտոյից հրավեր ունեն աշխարհի առաջնությանը մասնակցելու։ Մտածում են լեգեոներներ ներգրվելու տարբերակի մասին։ Խոսել են ռուսների հետ․ նրանք պատրաստ են աջակցել՝ և՛ մարզիչներ տրամադրել, և՛ լեգեոներներ։