ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այսօր՝ մարտի 26-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Մասնավորապես, այսօր՝ ժամը 05։00-ի սահմաններում ՀՀ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստանի 9-րդ փողոցում կրակոցներ են հնչում։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները ենթադրյալ կասկածյալին հետապնդելով վնասազերծել են և բերման ենթարկել ոստիկանության կենտրոնական բաժին։
«Այգեստան փողոցից մինչև Նալբանդյան փողոց ոստիկանության վարչական շենքի մոտ հայտնաբերվել է տարբեր տիպի հրազեններից արձակված 50-ից ավելի գնդակ և 8 հատ կրակված պարկուճ։ Ոստիկանության վարչական շենքի դիմաց էլ հայտնաբերվել է ավտոմատ»,–գրում է կայքը։
Ըստ տեղեկությունների` վնասազերծված ու բերման ենթարկված քաղաքացին Երևանի բնակիչ՝ 31-ամյա Էրիկ Աղախանյանն է, որը քննիչի որոշմամբ ձերբակալվել է։
Փաստի առթիվ քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 258–րդ հոդվածի 4-րդ մասի (Խուլիգանություն) և 235–րդ հոդվածի 1-ին մասի (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։
Կրակոցների հետևանքով տուժածներ չկան։