Եթե այսօր լռենք, վաղը կորցնելու ենք Արցախը. Ստեփանակերտում կանայք ցույց են արել

Ցուցարարները ցանկանում են միջազգային հանրությանը ներկայացնել Արցախում տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 26 մարտի – Sputnik. Այսօր «Արցախի կանայք՝ հանուն Արցախի ապագայի» նախաձեռնության ներկայացուցիչները Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում կազմակերպել են խաղաղ ցույց՝ Արցախի ժողովրդի անվտանգության պահպանման խնդիրը բարձրացնելու, Արցախի Հանրապետության ինքնության ճանաչման նպատակով։ Տեղեկությունը հայտնում է Արցախպրեսը։
Լրատվամիջոցի թղթակցի հետ զրույցում ցույցի նախաձեռնող խմբի անդամ Ալյոնա Սարգսյանն ասել է, որ հիմնական նպատակը Արցախում տիրող իրավիճակը միջազգային հանրությանը ներկայացնելն է ։
«Ադրբեջանի հայատյաց իշխանությունները խախտել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի բոլոր կետերը և հարձակվել մեր սահմանների վրա։ Մենք ունենք զոհեր, վիրավորներ, ինչպես նաև խաղաղ բնակչության կյանքն է վտանգված։ Եթե այսօր լռենք, վաղը կորցնելու ենք Արցախը։ Ես չեմ ցանկանում, որ Արցախը հայաթափվի։ Մեկն եմ լինելու այն կանանցից, ովքեր մնալու են և պայքարելու են մինչև վերջ։ Այս հողի համար հազարավոր զինվորներ են իրենց կյանքը զոհել, մենք նրանց հայրենիք ենք պարտք»,-նշել է Սարգսյանը։
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։
Մարտի 25–ի գիշերը նրանք կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա, արդյունքում հայկական կողմից վիրավորում են ստացել 5 պայմանագրային զինծառայողներ։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ 3 պայմանագրային զինծառայող, վիրավորները 14-ն են:
Մարտի 26–ի առավոտյան ադրբեջանցիները կրկին դիմել են ագրեսիվ գործողությունների` տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ փորձելով առաջխաղացում ապահովել Արցախի Հանրապետության արևելյան սահմանագոտու ուղղությամբ: