ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. 75 տարեկանում մահացել է Ռուսաստանի լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկին։
Այս մասին հայտնում են Telegram ալիքները։ Նշվում է, որ նա մահացել է այսօր առավոտյան` 10։45–ին։
Վերջին օրերին քաղաքական գործիչն անգիտակից վիճակում էր։
Հավելենք, որ ավելի ուշ լուրը հերքեցին թե՛ ՌԴ առողջապահության նախարարությունը, թե՛ Ժիրինովսկու հարազատները։ Վստահեցնում են` նրա վիճակը կայուն ծանր է։
Հիշեցնենք` Վլադիմիր Ժիրինովսկին կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելուց հետո հունվարից գտնվում էր Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, բայց նրա հոսպիտալացման մասին հայտնի դարձավ փետրվարի սկզբին:
Ավելի վաղ նա ասել էր, որ ութ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Մարտի 8-ին տեղեկություն տարածվեց, որ պատգամավորի վիճակը ծանր է, դինամիկան` բացասական։ Հաղորդվում էր, որ քաղաքական գործիչը դեղորայքային կոմայի մեջ է։
Մարտի 11–ին հաղորդվեց, որ նա դուրս է եկել կոմայից, ավելին` սկսել է հանձնարարականներ տալ, ուսումնասիրում է նորություններն ու փաստաթղթերը։