ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունը հերքում է Ռուսաստանի Լիբերալ–դեմոկրատական կուսակցության ղեկավար, ՌԴ Պետդումայի պատգամավոր Վլադիմիր Ժիրինովսկու մահվան լուրը։
Նշվում է, որ նրա վիճակը կայուն է: «Բժիշկները շարունակում են օգնություն ցուցաբերել»,– հայտնում են գերատեսչությունից։
Քիչ առաջ Telegram–յան ալիքներն էին հայտնել, որ 75–ամյա Ժիրինովսկին մահացել է։ Նշվում էր, որ նա մահացել է այսօր առավոտյան` 10։45–ին։
Հիշեցնենք` Վլադիմիր Ժիրինովսկին կորոնավիրուսի «Օմիկրոն» մանրէահիմքով վարակվելուց հետո հունվարից գտնվում էր Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում, բայց նրա հոսպիտալացման մասին հայտնի դարձավ փետրվարի սկզբին:
Ավելի վաղ նա ասել էր, որ ութ անգամ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։
Մարտի 8-ին տեղեկություն տարածվեց, որ պատգամավորի վիճակը ծանր է, դինամիկան` բացասական։ Հաղորդվում էր, որ քաղաքական գործիչը դեղորայքային կոմայի մեջ է։
Մարտի 11–ին ԶԼՄ–ները գրեցին, որ նա դուրս է եկել կոմայից, ավելին` սկսել է հանձնարարականներ տալ, ուսումնասիրում է նորություններն ու փաստաթղթերը։