Վերին Գետաշենի նախկին ղեկավարը տարածքը վարձով տվել է դստերը, նա էլ` մասնավոր ընկերությանը

Վերին Գետաշեն
Համայնքի նախկին ղեկավարի գործողությունների հետևանքով համայնքին ավելի քան 5 մլն դրամի վնաս է հասցվել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուբիկ Ղուկասյանի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու գործի նախաքննությունն ավարտվել է, իսկ քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները` ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ համայնքի ղեկավարի դուստրը, տեղեկանալով, որ ՀՀ–ում գործող հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերություններից մեկը նշված համայնքի վարչական սահմաններում ցանկանում է կայանների տեղակայման տարածքներ ձեռք բերել, այդ մասին տեղեկացրել է հորը` օժանդակելով նրան վերոնշյալ ընկերությանը համապատասխան տարածք տրամադրելու գործընթացում:
Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարը, պաշտոնեական դիրքը չարաշահելով, համայնքին պատկանող գերեզմանոցի տարածքից 0.20 հա մակերեսով հողամասը 2008թ. սեպտեմբերին պայմանագրով վարձակալության է հանձնել դստերը 10 տարի ժամկետով, տարեկան 1336 դրամ վարձավճարով:
Այնուհետև 2008 թվականի հոկտեմբերին համայնքի նախկին ղեկավարի կողմից տրված գրավոր համաձայնության հիման վրա, 25 տարի ժամկետով կնքված ենթավարձակալության պայմանագրով վերջինիս դուստրը նշված հողատարածքից 200 ք/մ -ն ամսական 40000 ՀՀ դրամ վարձավճարով հանձնել է հեռահաղորդակցման ծառայություններ մատուցող ընկերությանը։ Դրա պատճառով համայնքին անզգուշությամբ պատճառվել է 5.029.677 ՀՀ դրամ գույքային վնաս։
Ավշարի նախկին ղեկավարի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. որդին 54 անշարժ գույք ունի
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Վերին Գետաշեն համայնքի նախկին ղեկավարին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ), իսկ վերջինիս դստերը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը): Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: