«Վերջապես գարնան համար սեղմվեց 1». օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով

Օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում օդի ջերմաստիճանը կբարձրանա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Առաջիկա օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի ջերմաստիճանը կբարձրանա 15-20 աստիճանով։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը։
«Ի ուրախություն բոլորիս, տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված՝ մարտի 29-ից ապրիլի 3-ն ընկած ժամանակահատվածում աստիճանաբար օդի ջերմաստիճանն այս օրերի հետ համեմատ հանրապետության ամբողջ տարածքում կբարձրանա 15-20 աստիճանով»,–գրել է Սուրենյանը։
Ինչպես միշտ Սուրենյանի հետևորդները գրառման տակ հումորային մեկնաբանություններ են գրել։
««Վերջապես հեռակառավարվող վահանակի ստեղնաշարը թարմացվեց ու սկսեց ճիշտ աշխատել», «Ոնց որ 6 աղջկանից հետո տղա ծնվի», «Բայց խի՞ 29-ից,էսօրվանից թող բարձրանա, մաղարիչ կանեմ», «Վերջապես գարնան համար սեղմվեց 1»,–գրել են նրանք։
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնն էլ իր հերթին տեղեկացնում է , որ հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը շարունակում է կլիմայական նորմայից ցածր մնալ 6-8 աստիճանով։
Անցած գիշեր Տաշիրի հատվածում նվազագույն ջերմաստիճանը հասել է -18, Ապարանում, Ծաղկահովոտւմ և Ճամբարակում՝ մինչև -14 աստիճանի։
Սակայն ցածր ջերմային ֆոնը կպահպանվի մինչև մարտի 28-ը ներառյալ։
Արդեն մարտի 29-ից սկսած՝ Հայաստանին արևադարձային լայնություններից մոտենում են տաք օդային հոսանքներ։ Դրանց ներթափանցումը կսկսվի մարտի 29-ից և կշարունակվի մինչև ապրիլի 3-ը ներառյալ։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի տարածքում տեղումներ չեն գրանցվի։ Մարտի 26-ին առանձին շրջաններում ձյուն կգա, բայց 27-29-ը առանց տեղումների եղանակ կլինի:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-29-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 6-10 աստիճանով: