ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ավելի քան 3,5 հազար բեռնատար և շուրջ 400 մարդատար մեքենա է կուտակվել ռուսական կողմից դեպի «Վերին Լարս» (Վրաստանի հետ սահման) ԲԱԱ (բազմակողմ ավտոմոբիլային անցակետ) տանող ճանապարհին:
Այս մասին այսօր Sputnik Արմենիային հայտնել է Ռուսաստանում ՀՀ դեսպանությանը կից մաքսային հարցերով կցորդ Արամ Թանանյանը։
Մարտի 18-ից ձյան և մերկասառույցի պատճառով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի Գուդաուրի-Կոբի հատվածը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
«Վրացական կողմն առավոտից իրականացրել է փակ հատվածի մաքրման աշխատանքներ, ճանապարհը բացվել է միայն մարդատար մեքենաների համար»,-ասաց Թանանյանը:
Նրա խոսքով՝ ձնահոսքի վտանգի պատճառով առայժմ արգելված է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթևեկությունը:
Թանանյանը նշել է, որ ներկայում ռուսական կողմում բեռնատարների բազմակիլոմետրանոց հերթ է գոյացել: Տրանսպորտային միջոցները գտնվում են Վլադիկավկազի արվարձանում, Բեսլանի, Ուրուխի, Կաբարդինո-Բալկարիայի տարածքում։ Դրանց 15-20 տոկոսը Հայաստանից են։
Իրավիճակը բարդացնում է այն հանգամանքը, որ մարդատար մեքենաները մաքսատանը սպասարկվում են առանց հերթի։ Այդ որոշումն ընդունվել է այն պատճառով, որ, ի տարբերություն բեռնատարների վարորդների, մարդատար ավտոմեքենաների վարորդները մեքենայի մեջ հանգստանալու հնարավորություն չունեն։
Հարցը կլուծվի Վրաստանի և Ռուսաստանի տարածքներում երկու խոշոր նախագծերի շինարարության ավարտից հետո: 2023 թվականին խոշոր տրանսպորտային հանգույց կկառուցվի Վլադիկավկազին հարող տարածքում, մինչև 2024 թվականը Վրաստանը ավարտին կհասցնի Քվեշեթի-Կոբի շրջանցիկ ճանապարհը:
Հիշեցնենք, որ Ռազմավիրական ճանապարհը ներկայում միակ ցամաքային երթուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։