Պատժամիջոցները Ռուսաստանի և Բելառուսի ՏՏ ոլորտի մասնագետներին ստիպել են բիզնեսի և ստարտափների համար հարթակներ փնտրել բարեկամ երկրներում։ Հայաստանն այն հեռանկարային երկրների թվում է, որ ընտրել են ռուս մասնագետները։ Պատճառները մի քանիսն են․ մուտքը հնարավոր է ներքին անձնագրերով, օրենսդրությունը բարենպաստ է ՏՏ ոլորտի զարգացման համար, բանկային համակարգը հարմարավետ է։
Արդեն հիմա Հայաստան են տեղափոխվել 268 ընկերություն և մոտ 1,5 հազար ոչ ռեզիդենտ անհատ ձեռներեցներ, մեծամասամբ՝ Ռուսաստանից։ Դեռևս մեկ շաբաթ առաջ նրանց թիվը 224 էր։
Ի՞նչ է պետք բիզնեսին
Անխուսափելի կերպով ցանկացած երկրում (այդ թվում՝ Ռուսաստանում) ռեզիդենտների համար ավելի արագ են հաշիվ բացում, քան ոչ ռեզիդենտների, քանի որ առաջինների դեպքում ավելի հեշտ է ստուգել եկամուտներն ու դրանք օրինականությունը։ Չէ՞ որ այդ տեղեկությունը ավելի արագ ու հեշտ կարելի է ստանալ սեփական երկրի ոստիկանությունում և հարկային ծառայությունում, քան հայտ ուղարկել արտերկիր։ Իսկ հիմա բանկերը մի քանի անգամ ավելի շատ այդպիսի դիմումներ են ստանում և հայտեր են ուղարկում, քան սովորաբար։ Ընդ որում, մեկ-երկու ոչ մեծ բանկ, որոնք զգացել են հեռանկարային տեղը զբաղեցնելու հնարավորությունը, բավականին հաջող դիրքավորվում են որպես ոչ ռեզիդենտների համար արագ ու դյուրին բանկեր։
«Այն ընկերությունները, որոնք առաջինների թվում են եկել, արդեն լուծել են վճարումների հարցը, նոր եկածները արդեն մի քիչ ավելի երկար են ստիպված լինում սպասել։ Բայց, համենայն դեպս հիմա, չկան մեխանիզմներ, որոնք լիովին կարգելափակեին այդպիսի վճարումների ստացումը ռուաստանցիների համար Հայաստանում»,- նշեց հայկական ՏՏ ոլորտում հանրաճանաչ մասնագետներից մեկը, որը սերտորեն աշխատում է Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից ժամանած «այթիշնիկների» հետ։
Նա ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ նրանց թվում ոչ միայն նրանք են, ովքեր ուզում են գործող բիզնեսը «վերատնկել» նոր հողում։ Հազարավոր մասնագետներ կան, որոնք պատրաստ են աշխատել հայկական ընկերություններում։ Մեր զրուցակից-փորձագետը օգնում է նրանց հեռավար հարցազրույցներ անցնել։
Նա խնդրեց չնշել իր անունը, պարզաբանելով, որ անգամ ԶԼՄ-ներում չերևալու պարագայում, մասնագիտական հանրույթի ներսում իրար տեղեկություններ փոխանցելու հաշվին այնքան շատ հայտ է ստանում, որ հազիվ է հասցնում օգնել։
«Կան մարդիկ, որոնք, վախենալով, որ սահմանները կփակվեն, միանգամից ընտանիքներով են եկել և հիմա տեղում աշխատանք են փնտրում։ Մյուսները գերադասում են սկզբում հարցազրույց անցնել, որպեսզի երբ ժամանեն, արդեն ժամանակ չկորցնեն և անմիջապես սկսեն աշխատել»,-նշեց փորձագետը։
Նա ընդգծեց, որ թեև Հայաստանում փորձառու ծրագրավորողները շատ են, նորեկների թվում այնուամենայնիվ շատ կան մասնագետներ, որոնցից այստեղ չկան կամ շատ քիչ են։ Օրինակ՝ պորտֆոլիոներ են ստանում NLP (նեյրոլինգվիստիկ ծրագրավորում - խմբ․), «մեծ տվյալների» (data engineer, data scientist), կիբեռանվտանգության և այլ ոլորտների մասնագետներից։
«Մենք շոկ ենք ապրում, երբ կարդում ենք մեզ ուղարկվող ինքնակենսագրականները և տեսնում ենք, թե ինչեր են նրանք կարողանում անել։ Նրանց թվում կան առաջատար ռուսական ընկերությունների և ստարտափների մասնագետներ ու մենեջերներ (team lead, tech lead, executive manager)»,-նշում է փորձագետը։
Ուստի, ընդգծում է նա, պետք չէ մտածել, որ նորեկները փակ հանրույթ են դառնալու՝ սեփական նախագծերով, մեկուսանալու են քովորքինգներում կամ վարձակալած գրասենյակներում։
ՏՏ ոլորտն ու հետխորհրդային երկրները
Հետխորհրդային երկրների (առաջին հերթին՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի) ՏՏ ոլորտը Հայաստանում համեմատաբար քիչ էր հայտնի, անգամ՝ մասնագիտական շրջանակում։ Արտասահմանից ստացվող պատվերների թվում, որոնք կատարում են հայ ՏՏ մասնագետները, Ռուսաստանից պատվերների թիվը կազմում էր ընդամենը մոտ 10 տոկոս։
Պատճառները բնավ քաղաքական չեն, այլ զուտ ֆինանսական․ եվրոպական և ամերիկյան բիզնեսի համար ձեռնտու է հայ ծրագրավորողներ վարձելը, քանի որ աշխատանքի բարձր որակն այստեղ համադրվում է այդ երկրների համար մի քանի անգամ ցածր աշխատավարձի հետ։
Մինչդեռ ռուսական ՏՏ-ոլորտում աշխատավարձերն ընդհանուր առմամբ համեմատական են հայկականի հետ։ Եթե նույնիսկ Մոսկվայում և Սանկտ-Պետերբուրգում դրանք ավելի բարձր են, ապա Եկատերինբուրգում, Տոմսկում կամ Նովոսիբիրսկում գրեթե նույնն են (հավասար որակավորման պայմանով), ուստի իմաստ չունի պատվերը այլ երկիր փոխանցել։ Հայ ծրագրավորողները ռուս և հատկապես ուկրաինացի ու բելառուս գործընկերներին ճանաչում էին ավելի շուտ որպես մրցակից՝ Եվրոպայից կամ ԱՄՆ-ից պատվերներ ստանալու հարցում։ Բայց հիմա Հայաստանը վերածվում է հարթակի, որտեղ նրանք սկսում են միմյանց ավելի լավ ճանաչել։
Ընդ որում, ավելացնում է փորձագետը, նորեկ մասնագետները պատրաստ են Հայաստանում ոչ միայն ձևականորեն ընկերություններ բացել (ինչպես, օրինակ, օֆշոր են բացում Սեյշալյան կղզիներում), այսինքն՝ գալ, հաշիվը բացել ու գնալ։ Շատերն ուզում են այստեղ տեղափոխվել ամբողջ կամ գրեթե ամբողջ թիմով, այն էլ՝ ընտանիքներով։
«Այդպիսի դեպքի, որ միայն տնօրենը գա, այստեղ հաշիվ բացի և պարզապես այստեղից թիմին աշխատավարձ ուղարկի, ես դեռ չեմ հանդիպել»,-ավելացրեց մեր զրուցակիցը։
Բնական է, որ ժամանողներին առաջին հերթին հետաքրքրում են տեխնիկական և կենցաղային հարցերը։ Առաջինը անշարժ գույքի առկայությունն է և դրանց գները (եթե դրանք սկսեն սրընթաց բարձրանալ, դա կարող է փոխել տեղափոխվելու մտադրությունը), երկրորդը գրասենյակների և քովորքինգների պակասն է։
Ինչո՞ւ Հայաստանը
Հայաստանում արդեն մի քանի տարի շարունակ տեղեկատվական տեխնոլոգիաները առաջնահերթ ուղղություն են համարվում։ Շարունակում է գործել այն օրենքը, ըստ որի՝ Հայաստանում բացվող ՏՏ և ինժեներական ընկերությունները հինգ տարով ազատվում են հարկերից (եթե բացվել են մինչև 2018 թվականը), կամ մինչև 2022թ․։ Օրենքը գործում է ոչ մեծ ընկերությունների համար (մինչև 30 մարդ) և մաղում է ձևական ստարտափները (որոնք ինքնաւծարվել են, հետո նորից գրանցվել)։
«Հավատացեք, ժամանող այթի-մենեջերների մեծ մասին դա չի հետաքրքրում, քանի որ նրանք արդեն կայացած բիզնես ու պատվերներ ունեն։ Հիմա նրանց ամենաշատը հետաքրքրում է, թե արդյոք այստեղ կարելի է ստանալ վճարումները և որքանո՞վ է, ընդհանուր առմամբ, հնարավոր հարմարավետ աշխատել և ապրել»,-ընդգծեց փորձագետը։
Ի դեպ, մարտի 24-ին կառավարության նիստում որոշում կայացվեց, որ ընկերություններին կվերադարձնեն նոր աշխատակիցներից գանձվող եկամտահարկի 50 տոկոսը։
Փորձագետները կառավարության այս որոշումը դրական ազդանշան են համարում։ «Այն կնպաստի արտասահմանյան ընկերությունների ներգրավմանը, ինչպես նաև տեղական ընկերություններին կդրդի ավելի շատ արտասահմանյան մասնագետներ աշխատանքի ընդունել։ Այսպիսով, օտարերկրյա ընկերությունները կկարողանան «ուշքի գալ» տեղափոխությունից հետո, իսկ տեղացիները կկարողանան արագ տեմպերով մեծացնել բիզնեսը»,-ասում է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը։
Նա նշում է նաև, որ եթե հակամարտության սկզբում տեղափոխվում էին հիմնականում ամերիկյան ու եվրոպական ընկերությունները, ապա այժմ գալիս են նաև ռուսականներն ու ուկրաինականները։ Ձգձգվող հակամարտության պատճառով նրանք կորցնում են պատվերները և արդեն ստիպված են գումար վաստակելու միջոցներ որոնել։
Որակավորում և կարիքներ
Oracle կորպորացիայի փոխնախագահ Իգոր Խալաթյանը վստահ է, որ ներկայումս Հայաստանում ՏՏ-ոլորտը վերելք է ապրում, և այդ միտումը շարունակվելու է։ Երկիրը խոշոր տեխնոլոգիական կենտրոն դառնալու լավ հնարավորություն է ստացել, ասում է նա։
«Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանի խոսքով՝ մեր երկիրը մոտ 3-4 հազար որակավորված մասնագետի կարիք ունի, քանի որ հայկական բուհերի շրջանավարտների ընդամենը 10-15 տոկոսն են համապատասխանում ՏՏ տեխնոլոգիաների շուկային։
Նա Sputnik Արմենիային հայտնեց, որ հայկական շուկայում գործում է մոտ երկու հազար տեխնոլոգիական ընկերություն, ընդ որում դրանիցի 1350-ը ստարտափեր են։
Այդ ֆոնին Ռուսաստանից, Բելառուսից և Ուկրաինայից ընկերությունների և ֆրիլանսերների ներհոսքը կարող է լուրջ հնարավորություններ ստեղծել ներքին շուկայի ակտիվացման տեսանկյունից։
«Շատ զգուշությամբ է պետք մոտենալ այդ հարցին, տվյալների բազա կազմել, որպեսզի ընկերությունները կարողանան ընտրել և աշխատանքի տեղավորել որակավորված մասնագետների։ Միաժամանակ բացառված չէ «այթիշնիկների» արտահոսքը հայկական ընկերություններից դեպի Հայաստան տեղափոխված ռուսական նախագծեր, հաշվի առնելով վարձատրության տարբերությունները»,-նշում է փորձագետը։
Այստեղ շատ կարևոր է, թե ինչպես իրեն կդրսևորի պետությունը։ Որպեսզի ռուսական ընկերություններն ու ՏՏ ոլորտի մասնագետները Հայաստանը դիտարկեն ոչ թե որպես ժամանակավոր ապաստան, այլ երկար մնան այստեղ, հարկավոր է նրանց համար ստեղծել բոլոր անհրաժեշտ պայմանները։ Մասնավորապես, բարենպաստ բիզնես-մթնոլորտ ստեղծելու համար կառավարությունը կարող է մտածել եկամտահարկը նվազեցնելու մասին։ Օրինակ՝ հարևան Վրաստանում այն ավելի ցածր է, ինչը այդ երկիրն առավել գրավիչ է դարձնում բիզնեսի տեղափոխության և մասնագետների ներգրավման տեսանկյունից։
«Եթե ճիշտ քաղաքականություն վարեն, ապա մասնագետների և ընկերությունների մեծ մասը կմնան Երևանում։ Հայաստանում կյանքի որակն արժանապատիվ է, բնակչության մեծ մասը տիրապետում է ռուսերենին, քաղաքը հարմարավետ է, ինտերնետը լավն է, երկրի ներսում ճամփորդելու հնարավորություններ կան։ Շատերի համար Հայաստանն իսկական բացահայտում է դարձել»,-ասաց նա։
Այնուամենայնիվ, անհրաժեշտ է, որ Հայաստանը ենթակառուցվածքներ ստեղծի, բարելավվի ժամանող ռուսաստանցիների կենցաղը․ ավելացնի դպրոցներում ռուսական դասարանների թիվը, ռուսալեզու խմբեր բացի մանկապարտեզներում և այլն։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի ղեկավար Բագրատ Ենգիբարյանը համաձայն է մեր նախորդ զրուցակցի հետ ռուս մասնագետների համար գրավիչ պայմաններ ձևավորելու անհրաժեշտության հարցում, որպեսզի Հայաստանը տարանցիկ կետ չդառնա։ Նա նկատեց, որ մեր երկիր գալիս են հիմնականում միջին խավի ներկայացուցիչները։
«Մեր հաշվարկներով՝ 5 հազար մասնագետի աշխատանքը կհանգեցնի երկրի ՀՆԱ-ի 1 տոկոս ավելացմանը։ Բացի այդ, Հայաստան են գալիս նաև արդեն ձևավորված ընկերությունները, իսկ դրանք եկամտի արդեն միանգամայն այլ ծավալներ են»,-ասաց նա։
Ենգիբարյանը նկատեց, որ տեխնոլոգիական առումով Հայաստանն ավելի զարգացած է, քան հարևան Վրաստանն ու Ադրբեջանը, սակայն արտասահմանյան մասնագետներն այդ մասին չգիտեն։ Հետևաբար, անհրաժեշտ է երկիրը հենց այդ տեսանկյունից գովազդել։
Նրա խոսքով, տեխնոլոգիական էկոհամակարգը շատ ավելի լավն է, մարդիկ հյուրընկալ են, ռուսների հանդեպ լավ վերաբերմունք ունեն, սակայն բարձր որակավորում ունեցող մասնագետներին պահելու համար շատ ավելին է հարկավոր։
Իսկ ՀՀ իշխանությունների դիրքորոշումը հետևյալն է․ ռելոկացիան չենք խրախուսում, բայց օգնում ենք։
«Փորձում ենք այնպես անել, որ ընկերություններն ու անհատները, որոնք արդեն որոշում են կայացրել և գտնվում են Հայաստանում, հնարավորինս հարազատ միջավայրում զգան իրենց»,-ասել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
ՏՏ ոլորտի վիճակը Հայաստանում
Ըստ վերջին ուսումնասիրությունների (որոնք անցկացվել են չորս տարի առաջ), Հայաստանում ՏՏ-ի և հեռահաղորդակցության շրջանառությունը հասել է 922 միլիոն ԱՄՆ դոլարի։ 2015թ․-ից սկսած արագացել է փոքր ընկերությունների ստեղծումը, որոնք մինչև հինգ տարով ազատվում են հարկերից։ Արդյունքում ընկերությունների թիվը կրկնապատկվել է, դրանց երկու երրորդը ոչ մեծ ընկերություններն են։ Գործող ընկերությունների մոտ 2/3-ը տեղական են, 1/3-ը՝ արտերկրից (ոլորտի ընդհանուր շրջանառության մեջ դրանց մասնաբաժինը մոտավորապես միանման է)։
Կատարվող պատվերների և վաճառվող ծրագրերի (հավելվածներ և այլն) 45 տոկոսը բաժին է ընկնում ԱՄՆ-ին և Կանադային, 25 տոկոսը՝ Եվրոպային, 11 տոկոսը՝ ասիական երկրներին, 10 տոկոսը՝ ՌԴ-ին և ԱՊՀ-ին։
2018թ․-ի դրությամբ ոլորտում աշխատում է մոտ 20 հազար մարդ, որոնցից 15 հազարից ավելին տեխնիկական անձնակազմն է, ևս 4,5 հազարը՝ մենեջերները (ադմինիստրացիա, պրոյեկտ-մենեջերներ և այլն)։
Այնուամենայնիվ, վերջին երեք տարում այդ թիվը կարող է զգալիորեն ավելացած լինել երկու պատճառով։ Առաջինը ոլորտի զարգացումն է․ անգամ համավարակի ընթացքում շատերը պահպանեցին շրջանառությունն ու պատվիրատուներին, ոմանք էլ սրընթաց աճ գրանցեցին հենց այն բանի շնորհիվ, որ սկսեցին լուծումներ գտնել հեռավար ուսման/աշխատանքի ու տեսակոնֆերանսների համար, որոնք այդ օրերին խիստ պահանջված էին դարձել։
Երկրորդ, Հայաստանում ընդլայնվել է առցանց մոլախաղերի համար նախատեսված սոֆթի ոլորտը (gambling software)։ Այստեղ երկու-երեք ընկերություն է սկսել աշխատել, որտեղ, ամենամոտավոր հաշվարկներով, մի քանի հազար մարդ է աշխատում (միայն ծրագրավորողները մոտ երկու հազար են, չհաշված կոնտենտ գրողներին, վաճառքի, հաճախորդների սպասարկման մասնագետներին և այլն)։