ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Հույս ունենալ, թե ռուսական բիզնեսը սահմանափակելով, Արևմուտքն ինչ–որ կերպ կարող է ազդել իշխանության վրա, «անիմաստ, հիմար ու անմիտ» է, ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
Նրա խոսքով` ռուսաստանցի գործարարներն «անմեղ մեղավոր են դարձել», նրանցից որևէ մեկը մի գրամ անգամ չի կարող ազդել ՌԴ ղեկավարության դիրքորոշման վրա, քանի որ իշխանությունն ու բիզնեսը տարբեր խնդիրներ են կատարում։
«Պետությունը ղեկավարողները նախևառաջ առաջնորդվում են ամբողջ երկրի շահերով, ՌԴ ժողովրդի շահերով։ Սեփական բիզնեսը կառավարողները (դա շատ կարևոր խնդիր է) միայն դրանով են զբաղվում։ Այդ պատճառով հույս ունենալ, որ ռուսական բիզնեսը սահմանափակելով` նրանք կարող են որևէ կերպ ազդել իշխանության վրա, բացարձակ անիմաստ է։ Դա հիմարություն ու անմտություն է», – ընդգծել է Մեդվեդևը։
ՌԴ ԱԽ փոխնախագահը նշել է նաև, որ Արևմուտքն իր պատժամիջոցներով հույս ունի ռուսաստանցիներին տրամադրել իշխանության դեմ, սակայն նա իր այդ քայլով միայն նպաստում է հասարակության համախմբմանը։ Եվ, նրա խոսքով, դա է «հիմար պատժամիջոցների» թույլ տեղը։
Նա նշել է, որ նման ծրագրեր կազմող մարդիկ բոլորովին չեն հասկանում ռուսաստանցիների մտածելակերպը։ Ըստ նրա` այն ճնշումը, որը փորձում են գործադրել Ռուսաստանի վրա, ուղղված է ոչ թե խոշոր ձեռնարկատերերի կամ բիզնեսի դեմ, այլ երկրի յուրաքանչյուր բնակչի, որը գիտակցում է դա, ինչը, իր հերթին, դրդում է ժողովրդին համախմբվել։ Մեդվեդևն ընդգծել է, որ Արևմուտքը չի կարողացել հասկանալ այս միտքը ո՛չ 70, ո՛չ 100 տարի առաջ, և ո՛չ էլ այսօր է հասկանում։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Փետրվարի 21–ից սկսած, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեցԼԺՀ–ն ու ԴԺՀ–ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ–ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սկսեցին Ռուսաստանի դեմ։
Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 30–րդ օրը։