ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը զսպվածության կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին

Անտոնիո Գուտերեշ
Անտոնիո Գուտերեշին անհանգստացրել է Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Ադրբեջանին և Հայաստանին զսպվածության կոչ է անում։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավարի ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը։
«Գլխավոր քարտուղարն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում և նրա շուրջ նոր մարտերի մասին հաղորդագրություններով։ Նա կողմերին կոչ է անում զերծ մնալ ցանկացած գործողություններից և հայտարարություններից, որոնք կարող են իրավիճակի սրման հանգեցնել, և բոլոր հարցերը, այդ թվում՝ հումանիտար բնույթի, լուծել երկխոսության միջոցով` առկա ձևաչափերի շրջանակներում», - ասել է Դյուժարիկը:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, 14 վիրավոր ունենք։