Խաղաղության ճարտարապետներին հարցրեք. Սերժ Սարգսյանը` Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Սերժ Սարգսյան. Արխիվային լուսանկար
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին լրագրողները հանդիպեցին պանթեոնում, որտեղ նա այցելել էր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր լրագրողներին հորդորեց Արցախում ստեղծված իրավիճակի վերաբերյալ հարցերն ուղղել «խաղաղության ճարտարապետներին»։
Նա այսպես ասաց` պատասխանելով հարցին, թե ի՞նչ բնորոշում կտա Արցախում ստեղծված իրավիճակին, Փառուխ գյուղ ադրբեջանցիների ներխուժմանը։
«Հարցրեք խաղաղության ճարտարապետներին, ինչո՞ւ եք ինձ հարցնում։ Խաղաղության դարաշրջանի արշալույսն է և՛ Փառուխի, և՛ Ներքին Հանդի մասով»,– ասաց Սարգսյանը։
Նշենք, որ այսօր ՀՀ նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան տարելիցն է։ ՀՀԿ անդամները` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, այցելել են նրա շիրիմին։
Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի հրահրած փոխհրաձգության հետևանքով ունենք 5 վիրավոր զինծառայող
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։