Արցախում ադրբեջանական ԶՈւ–ի հրահրած փոխհրաձգության հետևանքով ունենք 5 վիրավոր զինծառայող

Առաջնագիծ. Արխիվային լուսանկար
Տեղեկացվում է, որ վիրավորում ստացած զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Այսօր գիշերն ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների կողմից հրահրված փոխհրաձգության հետևանքով տարբեր աստիճանի վիրավորում է ստացել պաշտպանության բանակի հինգ պայմանագրային զինծառայող: Տեղեկությունը հայտնում է Արցախի Տեղեկատվական շտաբը։
Նրանց կյանքին վտանգ չի սպառնում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ: Տեղեկացվում էր, որ ծավալված փոխհրաձգության արդյունքում հայկական կողմից կա մեկ վիրավոր, հակառակորդի կողմից զոհվել է առնվազն 5 զինծառայող:
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Արցախի տեղակատվական շտաբը ժամը 21։00-ի սահմանում հայտնեց, որ Ասկերանի շրջանի Փառուխ և Խրամորթ բնակավայրերի ուղղությամբ ստեղծված իրավիճակը գտնվում է Արցախի Հանրապետությունում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի վերահսկողության տակ: Բանակցությունների և անվտանգային լրացուցիչ միջոցառումների արդյունքում ադրբեջանական զինված ուժերի շարժը կասեցված է, սակայն հակառակորդը դեռևս չի վերադարձել ելման դիրքեր։
Երեկ երեկոյան հայտնի դարձավ նաև, որ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ, ներկայացրել Արցախում ստեղծված պայթյունավտանգ իրավիճակը։