Ադրբեջանի սադրիչ քայլերը վտանգում են տարածաշրջանային կայունությունը. Աղաջանյանը` Լույոյին

Էդվարդ Աղաջանյանը Ֆրանսիայի դեսպանին է ներկայացրել Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 25 մարտի – Sputnik. Ադրբեջանի սադրիչ գործողությունները վտանգում են տարածաշրջանային կայունությունն ու խաղաղությունը։ ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյի հետ հանդիպման ժամանակ ասել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն` անդրադառնալով ադրբեջանական կողմի քայլերին։ Տեղեկությունը հայտնում է ԱԺ մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Աղաջանյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շփման գծի խախտման և Արցախի Փառուխ գյուղ ներխուժման հետևանքով ստեղծված իրավիճակը: Նա ասել է, որ Ադրբեջանը կոպտորեն խախտում է եռակողմ հայտարարություններով ամրագրված պարտավորությունները:
Աղաջանյանը նշել է, որ օրակարգային կարևորագույն խնդիրներից է ռազմագերիների և այլ գերեվարված անձանց վերադարձը հայրենիք:
Դեսպանը վերահաստատել է, որ երկու երկրների իշխանությունների միջև առկա է արդյունավետ երկխոսություն:
ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին (25 մարտի, 2022թ). Երևան
Հիշեցնենք` Ադրբեջանի զինված ուժերը մարտի 24-ին` ժամը 16։00-ին, ԼՂ Ասկերանի շրջանի Փառուխ գյուղի ուղղությամբ խախտել են շփման գիծը։ Անվտանգության նկատառումներից ելնելով` տարհանվել են հարևան Խրամորթ գյուղի կանայք և երեխաները։
Sputnik Արմենիայի աղբյուրը տեղեկացրել էր, որ ադրբեջանական զինուժը առաջ է անցել իր դիրքերից և մտել Փառուխ գյուղ։ Դա տեղի է ունեցել դիրքերից պաշտպանության բանակի ստորաբաժանումների պլանային դուրսբերման ժամանակ։
Այսօր առավոտյան Արցախի ՊՆ–ն հայտնեց, որ ադրբեջանական ստորաբաժանումները մարտի 25-ի գիշերը կրակ են բացել ՊԲ ստորաբաժանումների վրա՝ կիրառելով ինչպես տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, այնպես էլ հարվածային ԱԹՍ
Ավելի ուշ Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկացրեց, որ ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումների հրահրած փոխհրաձգության հետևանքով հայկական կողմը 5 վիրավոր ունի, բոլորը պայմանագրայիններ են։
Մարտի 25-ի կեսօրից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել են նաև հարվածային անօդաչու թռչող սարքեր, այդ թվում` «Bayraktar TB-2»: Հայկական կողմից զոհվել են ՊԲ երկու պայմանագրային զինծառայող, վիրավորների թիվը ճշտվում է: