Հայաստան ներկրվող 430 անուն ապրանք ազատվել է մաքսատուրքից

Որոշումը ժամանակավոր է, բայց, ՀՀ փոխվարչապետի գնահատմամբ, դրական ազդեցություն կունենա Հայաստանում գների ու սպառողների սոցիալական իրավիճակի վրա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. Երրորդ երկրներից Հայաստան ներկրվող սոցիալական կարևոր նշանակություն ունեցող 430 անուն ապրանքներ կազատվեն մաքսատուրքերից։ Այսօր կառավարության նիստում հայտնեց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը` հիշեցնելով, որ որոշումն ընդունվել է մարտի 17-ին Մոսկվայում կայացած ԵԱՏՄ խորհրդի նիստում։
«Որոշումը կայացվել է իրավիճակից կախված, բայց, այնուամենայնիվ, մենք շատ զգույշ ենք վերաբերվել մաքսատուրքից ազատվող ապրանքների ցանկին, որպեսզի հանկարծ մեր արտադրողների շահերին չբախվի դա, և, կարծում եմ, որոշումը կունենա միայն սոցիալական նշանակություն»,– ասաց Գրիգորյանը։
Փոխվարչապետը շեշտեց, որ որոշումը ժամանակավոր է` 6 ամիս ժամկետով, բայց դրական ազդեցություն կունենա Հայաստանում գների ու սպառողների սոցիալական իրավիճակի վրա։
Հիշեցնենք` Ռուսաստանի դեմ կիրառված տնտեսական սահմանափակումների հետևանքով առաջացած խնդիրները և դրանց հնարավոր լուծումները քննարկվել էին մարտի 17-ին ԵԱՏՄ խորհրդի նիստում, որին մասնակցել էր ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։