Հիշենք` մե՛կ օրենսդրորեն ամրագրում էինք խորհրդարանում, որ Լեռնային Ղարաբաղը վերամիավորվում է Հայաստանի հետ, մե՛կ այդ նույն խորհրդարանում մերժում էինք Արցախը ճանաչելու առաջարկը, վերջում էլ առաջ էինք քաշում շատ շահեկան և ոչինչ չպարտադրող ձևակերպումը՝ ինչ որ ընդունելի է ղարաբաղցիների համար, այն էլ կընդունենք։ Մինչդեռ պարտված Բաքուն այս ու այն կողմ չէր ընկնում, հերթով մերժում էր միջնորդների բոլոր առաջարկներն ու տասնամյակներով համբերատար սպասում, թե երբ է հասունանալու ամեն ինչ հետ բերելու հարմար պահը։ Ու այդ պահը եկավ։
Ի դեպ, մենք սխալվեցինք շատ կարևոր մի հարցում՝ վստահ էինք, որ Արցախը շրջապատող շրջանները սակարկության շատ լայն հնարավորություն են ընձեռելու, բայց էդպես չեղավ։ Այդ իրողությունը լիովին գիտակցելուց հետո էլ շատ քչերը հասկացան, որ մնում է ընդամենը մեկ ճանապարհ՝ բոլոր ուժերն անմնացորդ օգտագործել ձեռք բերածը պահպանելու և անվտանգությունն ամրապնդելու համար։ Դրա փոխարեն շարունակեցինք ապրել պատրանքներով, շարունակ ապավինելով միջազգային հանրությանը, որը, մեր միամիտ կարծիքով, անպայման ի վերջո պիտի ճանաչեր, որ իրավական տեսակետից ամեն ինչ ճիշտ ենք արել, և միանշանակ կանգներ մեր կողքին։ Այնինչ, Ադրբեջանը տարիներ շարունակ հետևողականորեն պատրաստվում էր ռազմական գործողությունների։
Ճիշտն ասած` այնքան էլ հաճելի չէ անընդհատ վերհիշել անցյալը և խոսել թույլ տված սխալների մասին, ինչպես սիրում են անել մեր հարազատ իշխանությունները։ Շատ ավելի կարևոր է երևի թե ամենագլխավոր հարցը՝ իսկ ունե՞նք ապագայի տեսլական, ինքներս մեզ համար հստակ ձևակերպել ենք նպատակները և դրանց հասնելու կոնկրետ ուղիները, հաշվարկե՞լ ենք մեր հնարավորությունները և սպասվող ռիսկերը։ Կարող եք, իհարկե, ասել՝ բայց այդ ամենն անելու համար պիտի նախ հասկանանք, թե ինչ է պատրաստվում անել Ադրբեջանը։ Գարնանային իրադարձությունները, կարծես թե, պատասխան են տալիս այդ հարցին։
Շատերը, այդ թվում մեր նախկին վարչապետներից մեկը, համոզված են՝ շուտով, ամենայն հավանականությամբ, հենց մայիսին, Ադրբեջանը նոր պատերազմ է հրահրելու։ Մեր անկայուն ժամանակներում ամեն ինչ, իհարկե, հնարավոր է, պարզապես յուրաքանչյուր լուրջ կանխատեսում պիտի ունենա իր ոչ պակաս լուրջ հիմնավորումը։ Իսկ վերջին իրադարձություններն ակնհայտորեն ցույց են տալիս, որ Ադրբեջանն ունի առանց նոր պատերազմի Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը վերջնականապես լուծելու իր շատ հստակ ծրագիրը։
Տասն օր շարունակ գարնանային աննախադեպ ցրտին արցախցիները մնացին առանց բնական գազի։ Բաքուն այդպես էլ թույլ չտվեց, որ հայ մասնագետները մոտենան գազատար խողովակի վնասված հատվածին և, Արցախի ղեկավարության համոզմամբ, պարզապես փական տեղադրեցին այնտեղ։ Հիմա արդեն 120 հազար արցախցիներին կարելի է ցանկացած պահի կրկին զրկել գազից, ինչը և արեցին ադրբեջանցիները, հասկացնելով՝ քանի շուտ է, հեռացե՛ք, որովհետև այսուհետ մշտապես մնալու եք այդ վտանգի տակ։ Ավելին, հայերը բողոքելու իրավունք էլ չունեն, քանզի հաղթական պատերազմից հետո դա արդեն մեր տարածքն է՝ ինչ կուզենք, կանենք։ Բաց տեքստով են արդեն դա ասում։ Հենց երեկ Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակը անթույլատրելի է համարել Հայաստանի միջամտությունը Ադրբեջանի ներքին գործերին։
Իսկ արդյոք Հայաստանն ունի՞ այս ամենին դիմակայելու հստակ ծրագիր։ Խիստ կասկածելի է։ Տեսե՛ք։ Մի կողմից արդեն հրապարակավ բարձրաձայնվում է այն կարծիքը, որ Արցախը, ինչո՞ւ ոչ, կարող է մնալ Ադրբեջանի կազմում։ Մյուս կողմից մեր արտգործնախարարությունը խիստ հայտարարություն է ընդունում, որտեղ ասված է, մեջբերեմ. «Ադրբեջանը միտումնավոր կերպով խաթարում է Լեռնային Ղարաբաղում կենսական նշանակություն ունեցող ենթակառուցվածքների բնականոն աշխատանքը, ինչն ակնհայտորեն հանգեցնում է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի ստեղծմանը։ Անթույլատրելի ենք համարում արցախահայության նկատմամբ սիստեմատիկ բռնության այս աղաղակող քաղաքականությունը»։
Թվում էր, թե սա իշխող մեծամասնության կարծիքն է։ Սակայն խորհրդարանում տեղի ունեցածը բոլորովին այդ մասին չի վկայում։ Գիտեք երևի, երեքշաբթի օրը խորհրդարանի հրատապ նիստում քննարկվեց Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի հարցը։ Անհասկանալի է, թե ինչու էր քննարկումը փակ, բայց թողնենք դա պատգամավորների խղճին։ Կարևորն այն է, որ վերջում իշխանությունը ներկայացնող խորհրդարանականները հայտարարեցին՝ մենք չենք մասնակցի հումանիտար աղետը դատապարտող հայտարարության նախագծի քվեարկությանը։
Չգիտեմ, դուք որևէ բան հասկացա՞ք՝ որն է մեր իշխանությունների դիրքորոշումը։ Ախր այդ հարցը ոչ միայն արցախցիներին ու հայաստանցիներին, այլև ողջ հայ ազգին է հետաքրքրում։