Անընդունելի են ռուսատյացության աղաղակող երևույթները. «Հայաստան» խմբակցություն

«Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների մասին և նշել, որ պատժամիջոցների աննախադեպ ձևերի և ծավալի կիրառումը չի նպաստելու ճգնաժամի հանգուցալուծմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 24 մարտի – Sputnik. «Հայաստան» խմբակցությունն անընդունելի և խիստ դատապարտելի է համարում որոշ պետություններում սկիզբ առած ռուսատյացության աղաղակող երևույթները և ազգային ու ռասսայական պատկանելության հիմքով խտրականության ցանկացած դրսևորում։ Նման հայտարարությամբ է հանդես եկել «Հայաստան» խմբակցությունը` անդրադառնալով Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին։
«Նման քաղաքականությունն ամբողջությամբ շեղվում ու հակասում է 20-րդ դարի կեսից ընդունված ու համընդհանուր հռչակված արժեքներին»,–ասվում է հայտարարության մեջ։
Ուկրաինացի զինվորականներին բրիտանացի հրահանգիչներ են սովորեցրել. հավաստագիր է հայտնաբերվել
Միաժամանակ, խմբակցությունն իր մտահոգությունն է հայտնում Ուկրաինայում ծավալվող իրադարձությունների կապակցությամբ: Ստեղծված իրավիճակը, ըստ խմբակցության, անվտանգության անբաժանելիության անկյունաքարային սկզբունքի անտեսման, միաժամանակ՝ միջազգային իրավունքի տիրույթում ակնհայտ երկակի ստանդարտների բազմակի կիրառման արդյունք է:
Բացի այդ, նշվում է, որ «Հայաստանը» կարևորում է ազգերի ինքնորոշման իրավունքի իրացման ցանկացած ակտ։ Ինքնորոշման իրավունքի իրացումը բռնաճնշումներով խափանելու փորձերը, որպես կանոն, հանգեցնում են զինված հակամարտության և պատերազմի:
«Քաղաքական և հատկապես տնտեսական պատժամիջոցների աննախադեպ ձևերի և ծավալի կիրառումը չի նպաստելու ճգնաժամի հանգուցալուծմանը, սակայն հանգեցնելու է համաշխարհային նոր տնտեսական ճգնաժամի, նոր «երկաթե վարագույրի»։ Դրա հետևանքները կարող են կործանարար դառնալ բազմաթիվ պետությունների համար ու բերել աղքատացման մակարդակի շեշտակի աճի»,–ասվում է հայտարարության մեջ։
Խմբակցությունը լիահույս է, որ ռուս և ուկրաինացի ժողովուրդները կկարողանան գտնել խաղաղ և անվտանգ ապրելու ընդունելի լուծումները` իրական բանակցությունների միջոցով: Միաժամանակ, Հայաստանի իշխանություններից պահանջում են անել ամեն հնարավորն Ուկրաինայում ապրող հայերին, հատկապես՝ տարեցներին, կանանց և երեխաներին աջակցելու, այդ թվում՝ Հայաստան տարհանելու ուղղությամբ։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 29–րդ օրը։