Նախակրթարաններում վերապատրաստումների շարունակական ծրագիր կլինի. ի՞նչ հարց է դա լուծելու

Նախարարությունն առաջին անգամ է ներդնում վերապատրաստումների ծրագիր, որտեղ ընդգրկված կլինեն նաև ներառական կրթությանն ուղղված մոդուլներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նախադպրոցական հաստատություններում բռնության դեպքերը կապում է համակարգում մասնագիտական զարգացման քաղաքականության հետ։ Այս մասին նա հայտնեց ՀՀ ազգային ժողովում` պատասխանելով ՔՊ–ական պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին։
Նշենք` ԱԺ–ում քննարկվում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագիծը։
«Վերջերս երեխաների հանդեպ բռնության մտահոգիչ դեպքեր էին արձանագրվել և ոչ միշտ է, որ դրանք լուսաբանվում են։ Մենք առաջին անգամ ենք ներդնում պետության կողմից պարբերաբար վերապատրաստումների բաղադրիչ, որը պետք է նաև ֆինանսավորվի։ Այս տեսանկյունից` վերապատրաստման ծրագիրը ներառում է ինչպես ներառական կրթության, այնպես էլ առանձնահատուկ բռնության կանխարգելմանն ուղղված մոդուլներ»,– ասաց Անդրեասյանը։
Նրա խոսքով` մանկավարժահոգեբանական ծառայությունների տրամադրման կարգն էլ թույլ կտա, որպեսզի համապատասխան մասնագիտացված կառույցներն էլ սերտ աշխատեն նախադպրոցական հաստատությունների հետ։ Փոխնախարարի պնդմամբ` սա պետք է շարունակական լինի։
Անդրադառնալով նախադպրոցական հաստատություններում տեսախցիկների տեղադրմանը Անդրեասյանը շեշտեց, որ հարցը քննարկման կարիք ունի երեխայի իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության կոնտեքստում։
Երեխային բռնության ենթարկելու գործով դայակին կալանավորելու միջնորդությունը մերժվել է
Հիշեցնենք` դեռ փետրվարին ոստիկանությունը հայտնել էր, որ անչափահաս աղջիկ Է. Ու․-ն հաճախել է Երևան քաղաքի մանկապարտեզներից մեկը, որտեղ դայակներ Ռ. Ղ.-ն, Ս. Կ.ն և դաստիարակներ Ի. Ա-ն և Ա. Կ.-ն խմբի երեխաների միջոցով պարբերաբար խոշտանգումների են ենթարկել փոքրիկին: Հարուցված է քրեական գործ։
Նշենք, որ խոսքը Նորքի թիվ 124 մանկապարտեզի մասին է։
Քրգործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան տառապանք պատճառելը, որը կատարվել է առանձին դաժանությամբ և ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով)։