ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. 84 տարեկանում քաղցկեղից մահացել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթը։ Այս մասին տարածած հայտարարության մեջ հայտնել է Օլբրայթների ընտանիքը։
«Խոր վշտով հայտնում ենք ԱՄՆ 64-րդ պետքարտուղար և այդ պաշտոնում պաշտոնավարած առաջին կին դոկտոր Մադլեն Ք. Օլբրայթի մահվան մասին»,- ասված է հայտարարության մեջ։
Նշվում է, որ Օլբրայթը շրջապատված է եղել ընտանիքի ու ընկերների սիրով։
«Մենք կորցրել ենք սիրող մայրիկ, տատիկ, քույր, մորաքույր և ընկեր»,– գրել են հարազատները։
Մադլեն Օլբրայթը ծնվել է Չեխիայի մայրաքաղաք Պրահայում՝ հրեաների ընտանիքում։ Նրա իսկական անուն–ազգանունն է Մարիա Յանա Կորբելովա։ 1948 թվականին նրա ընտանիքը գաղթել է Միացյալ Նահանգներ։
Քաղաքական գործունեությունն Օլբրայթը սկսել է որպես ԱՄՆ դեմոկրատական կուսակցության ակտիվիստ։ 1978 թվականի նա նշանակվել է նախագահ Ջիմմի Քարթերին առընթեր Ազգային անվտանգության խորհրդի անդամ։
1982 թվականին Օլբրայթն ամուսնալուծվել է։ Նրա ամուսինը հայտարարել էր. «Ես մահացու հոգնել եմ քեզանից, բացի այդ՝ սիրում եմ ուրիշին...»։ Օլբրայթը տարիներ անց ասել էր, որ երբեք այդքան չէր բարձրանա, եթե ամուսնացած մնար։
1992 թվականին Օլբրայթը դարձել է Բիլ Քլինթոնի խորհրդականը և նրա նախագահ ընտրվելուց հետո նշանակվել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ։
Այդ տարիներին նա օժանդակել է Իրաքի դեմ պատժամիջոցներին։
ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում Օլբրայթը նշանակվել է 1997 թվականին` Քլինթոնի պաշտոնավարման օրոք։ Միջազգային հարաբերություններում նա ԱՄՆ կոշտ քաղաքականության կողմնակից էր, հանդես էր գալիս ՆԱՏՕ-ում ԱՄՆ դիրքերի հզորացման, ԱՄՆ համաշխարհային հետաքրքրությունների պաշտպանության օգտին՝ կանգ չառնելով անգամ ռազմական ուժի կիրառման դեմ, ինչն էլ ցուցաբերեց Բալկաններում։ Նրա պաշտոնավարման տարիների պայթեցվեցին Քենիայում և Տանզանիայում ԱՄՆ դեսպանատները։ 2000 թվականին Օլբրայթն այցելեց Հյուսիսային Կորեա և հանդիպեց Կիմ Չեն Իրի հետ։
2007 թվականի սեպտեմբերի 25-ին ԱՄՆ մի քանի այլ պաշտոնաթող պետքարտուղարների հետ ստորագրեց նամակ, որը կոչ էր անում ԱՄՆ Կոնգրեսին չընդունել Հայոց ցեղասպանության մասին 106-րդ հռչակագիրը։