Հրապարակային պետք է ամեն ինչ խոսե՞նք. Սուրեն Պապիկյանը` Ներքին Հանդի մասին

Սուրեն Պապիկյան. Արխիվային լուսանկար
Պաշտպանության նախարարն անդրադարձավ վերջին օրերին մեծ աղմուկ բարձրացրած Ներքին Հանդի թեմային։ Նա նշեց, որ ամաչում է` քննարկում են բաներ, որ պետք է համատեղ ուժերով բացառեն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ԱԺ–ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն անդրադարձավ Ներքին Հանդի թեմային` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանի հարցին։
Գրիգորյանը հետաքրքրվեց, թե ինչո՞ւ է ադրբեջանական ԶՈւ–ն զբաղեցրել մեր տարածքը, և ինչու ենք այս մասին իմանում գյուղացիներից, որոնք էլ նկատել են տեղաշարժի մասին և ինչպե՞ս ենք պատրաստվում անվտանգությունը հսկել։
Ի պատասխան Պապիկյանը նշեց, թե ո՞վ է ասում, որ ՊՆ–ն տեղյակ չէր այդ մասին, տեղյակ չէր մեր զբաղեցրած դիրքերի մասին։
«Հրապարակային պետք է ամեն ինչ խոսե՞նք։ Սա սովորական կեղծիք է, որ գյուղացիներից ենք իմացել այդ տեղաշարժի մասին։ Հրապարակային պետք է նշենք, թե որտե՞ղ են մեր դիրքերը։ Վերջապես մենք պետք է հանրային գիտակցություն ունենանք, որ ամեն ինչ չէ, որ կարելի է քաղաքական նպատակներով օգտագործել»,–ասաց Պապիկյանը։
Նա հավելեց` ամաչում է, որ քննարկում են բաներ, որ պետք է համատեղ ուժերով բացառեն, այլ ոչ թե գետնին հավասարեցնենք սեփական զինվորին ու նրա սխրանքը։ Նախարարի խոսքով` զինվորին հարգելու համար պետք է բանակի համար որոշակի զսպվածություն ցուցաբերեն։
Գրիգորյանի հարցին, թե արդյո՞ք այնտեղ անցակետ է տեղադրվում` Պապիկյանը պատասխանեց, որ անցակետը Ներքին Հանդ չի տանում, այլ ճանապարհի վերահսկողության համար է. «Ես եղել եմ Ներքին Հանդում, օրվա մեջ մի քանի անգամ երթևեկող սահմանապահ զորքերի մասին է խոսքը։ Որևէ մեկի համար համայնք մտնելը խնդիր չէ` վստահեցնում եմ»։
Հիշեցնենք` ՀՀ պաշտպանության նախարարությունը մարտի 21-ին ևս մեկ անգամ հերքել էր ԶԼՄ–ներում տարածվող այն լուրը, թե ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները մոտ 1 կմ առաջխաղացում են ունեցել դեպի Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղը։
Գերատեսչությունը հայտնել էր, որ հայ–ադրբեջանական սահմանի խիտ անտառային և բարդ դիտարկելի այդ տարածքը, որն ըստ Խորհրդային Միության քարտեզների՝ մոտ 600 մ խորությամբ Հայաստանի տարածքում է գտնվում, ադրբեջանական հսկողության տակ է հայտնվել նախորդ տարվա գարնանը։
Նշենք, որ դեռ մարտի 15-ին Ներքին Հանդի գյուղապետ Խաչիկ Բաղդասարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ Ադրբեջանի զինված ուժերն առաջացել են Ներքին Հանդ գյուղի մոտ։
Sputnik Արմենիայի նկարահանող խումբն այցելել էր Ներքին Հանդ` տեղում ծանոթացել իրավիճակին։