ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով ներկա պահին փակ են Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը, Շիրակի մարզի Գյումրի-Բավրա ավտոճանապարհի «Զույգաղբյուր» կոչվող հատվածը:
Սյունիքի մարզի Սարավան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար բացառությամբ թեթև մարդատար ավտոմեքենաների, որոնց համար ճանապարհը, սակայն, դժվարանցանելի է։
Վարդենյաց լեռնանցքը, Տավուշի մարզի Դիլիջան-Նոյեմբերյան, Սյունիքի մարզի Սիսիան-«Զանգեր», Կապան-Տաթև-Գորիս ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար` դժվարանցանելի։
Բեռանարների համար փակ է նաև Վայոց Ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհը, որը ևս դժվարանցանելի է մյուս տրանսպորտային միջոցների համար։
Դժվարանցանելի են նաև Վանաձոր-Դիլիջան և Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհները։
Նախարարությունը հայտնում է նաև, որ Տավուշի մարզում, Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանում այս պահին ձյուն է տեղում։ Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Սյունիքի մարզերի բոլոր ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է:
Իսկ Շիրակի մարզի Աշոցքի, Ամասիայի և Վայոց Ձորի մարզի Ջերմուկի տարածաշրջաններում ձնաբուք է։