ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Վերաքննիչ դատարանը մերժեց Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի կալանավորման գործով բողոքը։ Տեղեկությունը հայտնում է նրա պաշտպան Արսեն Սարդարյանը։
«Քիչ առաջ Բորիս Բախշիյանի կալանավորման գործով պաշտպանական կողմի ներկայացրած վերաքննիչ բողոքները մերժվեցին: Արդարադատություն չտեսանք նաև այս ատյանում: Դատավորը շարունակում է պատժվել օրինական և անաչառ աշխատելու համար:
Այս գործով Բախշիյանին կալանքի տակ պահելու համար մեր իրավապահ մարմինները և դատական որոշ կառույցներ պատրաստ են ցանկացած ապօրինության»,– «Ֆեյսբուք» սոցցանցի իր էջում գրել է նա:
Հիշեցնենք, որ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Բորիս Բախշիյանը կալանավորվել է փետրվարի 7-ին։ Դրանից հետո պաշտպանները միջնորդություն էին ներկայացրել, որպեսզի խափանման միջոց կալանքը փոխվի։
Հավելենք, որ Բախշիյանը Սիսական ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի (Աշոտ Երկաթ) գործը քննող դատավորն էր։ Նրա որոշմամբ Մինասյանը կալանքից ազատվեց հունվարի 26-ին։
Դատավորի դեմ քրեական հետապնդում իրականացնելու գործընթաց է սկսվել ՀՀ քրեական օրենսգրքի 348-րդ հոդվածի 3-րդ մասի (անձին ապօրինի կալանավորելու հատկանիշներով, որն առաջացրել է ծանր հետևանք) հատկանիշներով հարուցված քրգործի շրջանակում։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը փետրվարի 16-ին մերժել էր Բորիս Բախշիյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու միջնորդությունը։