Դա ճանապարհին քննարկելու նյութ չէ. նախարարը` Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին

Գնել Սանոսյանն անդրադարձավ այսօր կեսօրից Երևան-Սևան մայրուղին փակելու դեպքին` ասելով, որ կառավարությունը կարծում է` եղած տարբերակը փոխելու կարիք չկա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչներին խնդրել բացել Երևան-Սևան մայրուղին։ Նա կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ բողոքի ակցիային։
Հայտնել էինք, որ այսօր կեսօրից մայրուղին փակ է ի նշան բողոքի. Ծովագյուղի և Սեմյոնովկայի բնակիչները դեմ են համայնքների խոշորացմանը։
«Կխնդրեմ ճանապարհը բացել և յուրաքանչյուրը գնա իր աշխատանքին։ Առավոտյան, երբ իմացանք այդ մտադրության մասին, առաջարկեցինք, որ հաշվի առնելով այն հանգամանքը, որ դա ճանապարհին քննարկելու նյութ չէ, թող ստեղծեն աշխատանքային խումբ։ Եվ կուզեն` մենք կգնանք գյուղ, այսինքն` մարզպետարանում կամ Երևանում կարող ենք հանդիպել և քննարկել հարցը»,–ասաց Սանոսյանը։
Նա նշեց, որ նրանց հիմնական բողոքն այն է, որ երբ Սանոսյանը մարզպետ էր` Ծովագյուղը պետք է միայն Սեմյոնովկային միանար, սակայն հետո, երբ ինքը դարձավ նախարար, 2 գյուղերը միացան Սևանին։ Սանոսյանը վստահեցնում է, որ դա պայմանավորված չէ իր անձով և ոչ էլ պաշտոնով` տեղի է ունեցել խոշորացման գործընթաց, ուղղակի որոշել են ավելի խոշոր միավորների գնալ։
Նախարարը նշեց` կառավարությունը կարծում է, որ եղած տարբերակը փոխելու կարիք չկա, և այս ամիսների փորձը ցույց է տալիս, որ խոշոր համայնքներն իսկապես արդարացնում են իրենց։