Առցանց գործարքների անվտանգությունը պետք է բարելավել. դատախազությունը դիմել է ԿԲ–ին

Իրավապահ կառույցը հայտնում է, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով, նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպությոններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Առցանց գործարքների անվտանգության մեխանիզմների կատարելագործման անհրաժեշտության հարցով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմնել է ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանին:
Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
Դավթյանը միջնորդագիր է ներկայացրել Գալստյանին` միջոցներ ձեռնարկելու առցանց գործարքների կատարման ժամանակ անվտանգության կատարելագործված մեխանիզմներ մշակելու և ներդնելու համար:
Ֆինանսական խարդախությունները տեղափոխվել են համացանց. ԱԱԾ
Հիշեցնենք, որ վերջին շրջանում աճել են քաղաքացիների վստահությունը չարաշահելով նրանց անձնական տվյալների օգտագործմամբ բանկերից և վարկային կազմակերպությոններից առցանց վարկերի ձևակերպմամբ հափշտակություններ կատարելու դեպքերը:
Հանցավորները տարբեր սոցիալական ցանցերում և առավելապես «Ֆեյսբուք» սոցիալական կայքում ստեղծել են տարբեր անվանումներով օգտահաշիվներ: Դրանց միջոցով նամակագրություն են հաստատել նույն կայքերում գրանցված տարբեր անձանց հետ այն մասին, որ անկախ նրանց վատ վարկային պատմություն ունենալու հանգամանքից, կարող են օգնել վարկեր ստանալու հարցում:
Այդ պատրվակով քաղաքացիների անվամբ «Իդրամ» էլեկտրոնային դրամապանակ գրանցելու, դրանք նույնականացնելուն աջակցելու, բոնուսներ տրամադրելու համար նշված անձինք պահանջել և ստացել են քաղաքացիների անձնագրային տվյալները, բջջային հեռախոսահամարները, հեռախոսահամարներին «Իդրամ» համակարգից ստացված ծածկագրերը: Որոշ դեպքում նաև ուղղորդել են նշված անձանց «Իդրամ» վճարային համակարգում «Իդրամ» դրամապանակները նույնականացնելու գործընթացում:
Դատախազությունն ընդգծում է` կատարած վերլուծությունը վկայում է, որ նշված հանցատեսակների աճին նպաստել է ոչ միայն բանկային գործառնությունների, այդ թվում՝ առցանց վարկերի տրամադրման հնարավորությունների աճը: Էական նշանակություն է ունեցել նաև այն, որ էլեկտրոնային դրամապանակին կցված հեռախոսահամարը հնարավոր է հեշտությամբ փոփոխել:
Դավթյանը Գալստյանին դիմելով անհրաժեշտ է համարել առցանց դրամապանակին կցված հեռախոսահամարը փոփոխելու հնարավորությունն ավելի բարդացնել, ի սկզբանե գրանցված հեռախոսահամարին այդ մասին տեղեկություն ուղարկել կամ դրա միջոցով հաստատում պահանջել։