Ադրբեջանը Հայաստանի առաջարկներին դեռ չի պատասխանել. Միրզոյան

Արարատ Միրզոյան
ՀՀ արտգործնախարարը որպես սկզբունքային կետ առանձնացրեց ԼՂ կարգավիճակի և հայ բնակչության իրավունքների հարցը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 23 մարտի – Sputnik. Ադրբեջանի առաջարկած 5 կետերին ի պատասխան հայկական կողմի ներկայացրած առաջարկները փոխանցվել են Ադրբեջանին, բայց Բաքուն առայժմ չի պատասխանել։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Ադրբեջանի առաջարկած 5 կետերում Հայաստանի համար անընդունելի ոչինչ չկա։ Այլ բան է, որ այդ առաջարկներն ամբողջությամբ չէին հասցեագրում բանակցային գործընթացի ողջ պոտենցիալը։ Եվ ահա համապարփակ խաղաղության համար մենք համալրել ենք մեր առաջարկներում ու փոխանցել ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Համանախագահողներից ինձ տեղեկացրել են, որ այդ առաջարկները փոխանցվել են պաշտոնական Բաքվին։ Բաքվից առայժմ պատասխան չունենք»,– ասաց Միրզոյանը։
Խոսելով Հայաստանի առաջարկների մասին` Միրզոյանը նշեց, որ դրանք ինքն ամբողջությամբ ներկայացրել է «Արմենպրես» պետական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում։ Նա որպես սկզբունքային կետ առանձնացրեց ԼՂ կարգավիճակի և հայ բնակչության իրավունքների հարցը։
«Որևէ օրակարգ հնարավոր չէ համարել ամբողջական, քանի դեռ այդ հարցն այնտեղ չի քննարկվում»,– ասաց նա։
Հիշեցնենք` Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման 5 հիմնական սկզբունք էր ներկայացրել մարտի 14-ին։
Ադրբեջանի առաջարկած 5 կետերը հիմք չեն տալիս խոսելու Արցախի ճանաչման մասին. Աննա Կարապետյան