Ուկրաինայում Կարմիր Խաչի գործողությունները պատմության մեջ ամենածավալունն են

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը Կիեւում (17 մարտի, 2022թ). Ուկրաինա. Արխիվային լուսանկար
Պետեր Մաուրերը Կիև է ժամանել մարտի 16-ին։ Հաջորդ օրը Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հայտնել է, որ ԿԽՄԿ–ն մշտական հիմունքներով սկսել է գործել Կիևում, նախատեսվում է ԿԽՄԿ գրասենյակներ բացել ևս մի քանի քաղաքներում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. Բյուջեի տեսանկյունից Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործողություններն Ուկրաինայում կազմակերպության ողջ պատմության ընթացքում ամենամեծն են, ուկրաինական «Сегодня» պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է ԿԽՄԿ նախագահ Պետեր Մաուրերը։
«Համեմատության համար նշենք, որ վերջին ութ տարվա ընթացքում տարեկան մոտ 75 մլն շվեյցարական ֆրանկ ենք ծախսել։ Նույնքան է կազմել մեր բյուջեն նաև Ուկրաինայում։ Մենք այն ավելացրինք մինչև 155 մլն` գրեթե կրկնակի։ Մեր դոնորները շատ շռայլ են, արդյունքում ներկա պահին ավելի քան 250 մլն շվեյցարական ֆրանկ է հասանելի մեզ։ Այսպիսով, մենք հնարավորություն կունենանք էապես ընդլայնել մեր ակտիվությունը», – ասել է նա։
Մաուերի խոսքով` մյուս երկու մեծ օպերացիաների բյուջեն` Սիրիայում և Աֆղանստանում, մոտ 180-190 մլն է կազմել յուրաքանչյուրի համար։
Հիշեցնենք, որ փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։ Ռուսաստանցիներին ուղղված հեռուստաուղերձում նա ասաց, որ հանգամանքները վճռական և անհապաղ գործողություններ են պահանջում։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են արդեն 27–րդ օրը։