ԵՐԵՎԱՆ, 22 մարտի - Sputnik. ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի` Ռուսաստանի կողմից Ուկրաինայում քիմիական և կենսաբանական զենքի հնարավոր կիրառման մասին հայտարարությունները զրպարտություն է որակել:
Փոխնախարարն ընդգծել է, որ Մոսկվան նման զենք չունի։
«Մենք ոչ մեկը, ոչ մյուսը չունենք։ Այն, ինչ ասում են ամերիկացիները, զրպարտություն է, մենք նրանց լսում ենք մշտապես, և արդեն երկար ժամանակ է սպառիչ պատասխաններ ենք տալիս»,– «Եդինայա Ռոսիա» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում ասել է Ռյաբկովը։
Միևնույն ժամանակ ՌԴ փոխարտգործնախարարը նշել է, որ ԱՄՆ-ն մինչև հիմա չի ոչնչացրել քիմիական զենքի իր պաշարները, և այդ գործընթացը մշտապես ձգձգվում է:
Ռուս դիվանագետը նաև նշել է, որ ՌԴ-ի և ԱՄՆ-ի հարաբերությունները խզման եզրին են, սակայն կարգավորման հեռանկարը հնարավոր է, եթե Վաշինգտոնը դրական ազդեցություն ունենա Կիևի վրա:
Նախօրեին, բիզնեսի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, Բայդենը հայտարարել էր, որ Ուկրաինայում կենսաբանական զենքի ամերիկյան մշակումների մասին ՌԴ ենթադրությունները կարող են մատնանշել Մոսկվայի կողմից նման զենքի օգտագործման հնարավորությունը:
Նա ընդգծել է, որ Եվրոպայի տարածքում ԱՄՆ-ի քիմիական զենքի հնարավոր առկայության մասին հայտարարությունները չեն համապատասխանում իրականությանը:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին առընթեր Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան դեռ մարտի 18-ին «ցինիզմի գագաթնակետ» է անվանել Ուկրաինայում քիմիական զենքի կիրառման մեջ Ռուսաստանին մեղադրելու ԱՄՆ փորձերը: Նրա խոսքով՝ Մոսկվան տեղեկություններ ունի Ուկրաինայի կողմից որոշ շրջաններ թունավոր քիմիական նյութեր ներկրելով սադրանք նախապատրաստելու մասին՝ հետագայում Ռուսաստանին մեղադրելու համար։