Հայաստանում բազմաթիվ փակ ճանապարհներ կան, մի քանի մարզում ձյան տեղումները շարունակվում են

ԱԻՆ–ից հորդորում են երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Սյունիքի, Գեղարքունիքի Տավուշի մարզերում այս պահին ձյուն է տեղում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը, Բերդ-Ճամբարակ, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ, Շիրակի մարզի Աշոցքի, Արագածոտնի մարզի Արագածի, Տավուշի մարզի Դիլիջանի ոլորանները, Նոյեմբերյան-Կոթի-Ջուջևան-Բաղանիս, Ապարանի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհները:
Վայք-Սիսիան-Գորիս-Կապան, Շիրակի մարզի Ցողամարգ-Բավրա ավտոճանապարհները բեռնատարների համար փակ են, իսկ մարդատարների համար (երթևեկելի է միակողմանի)՝ դժվարանցանելի:
Վանաձոր-Դիլիջան, Լոռու մարզի Վանաձոր-Ալավերդի, Վայոց Ձորի մարզի Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհի շրջանցիկ, Տավուշի մարզի Իջևան քաղաքից Բագրատաշեն ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի:
Լոռու մարզի Սպիտակի և Ստեփանավանի ոլորանները, Ալավերդի-Ջիլիզա և Տաշիր-Բլագոդարնոյե, Սյունիքի մարզի, Արագածոտնի մարզի Ապարանի, Թալինի միջհամայնքային, Կոտայքի մարզի Արագյուղ-Բուժական ավտոճանապարհները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Սյունիքի, Գեղարքունիքի մարզերում, Տավուշի մարզի Իջևան, Նոյեմբերյան և Բերդ քաղաքներում տեղում է ձյուն:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Լարսում շուրջ 4000 մեքենա է կուտակվել, այդ թվում՝ հայկական. Թանանյան
Եղանակային պայմաններից ելնելով՝ ԱԻՆ–ից հորդորում են երթևեկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում և բացառապես ձմեռային անվադողերով։