Ոստիկանները կանխել են Պուշկինի փողոցի վրա գտնվող խաղասրահներից մեկում գողության դեպքը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Նշվում է, որ գողության փորձը տեղի է ունեցել մարտի 18-ի գիշերը` ժամը չորսին։ Ոստիկանության կենտրոնական բաժնում ահազանգ է ստացվել, որը փոխանցվել է նաև տարածքում գիշերային ծառայություն իրականացնող պարեկներին:
Ոստիկանների արագ արձագանքման արդյունքում նշված խաղասրահից հանցագործություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկվել Արտաշատ քաղաքի 34 և 26 տարեկան երկու բնակիչներ։
Նրանք խոստովանել են, որ փորձել էին գողանալ խաղային սարք և հեռակառավարման վահանակ: 34-ամյա տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել է դանակ:
Նշանակվել է դատատեխնիկական փորձաքննություն: Հանգամանքները քննությամբ պարզվում են: