ԵՐԵՎԱՆ, 22 մարտի – Sputnik. ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի համար հասականալի չէ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու հատկանիշներով հարուցված իրեն առաջադրված մեղադրանքի էությունը։ Այս մասին Գևորգյանը հայտարարեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող նիստի ժամանակ։
Այս գործով է անցնում նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
«Խնդրում եմ պարզաբանել, թե Գևորգյանը, հանդիսանալով նախագահի աշխատակազմի ղեկավար, իր ո՞ր լիազորությամբ է Սիլվա Համբարձումյանի օգտին ենթադրաբար գործողություններ կատարել։ Այս հարցի պատասխանը չեմ կարողանում գտնել»,–ասաց Գևորգյանը` հավելելով, որ մեղադրանքը պարզաբանման կարիք ունի։
Ի պատասխան գործով դատախազները նշեցին, որ չեն պատրաստվում մեղադրանքի քննարկում իրականացնել, քանի որ խոսքը ոչ թե մեղադրանքը չհասկանալու մասին է, այն այն հերքելու։
Բացի այդ, Գևորգյանը նշեց, որ իրեն վերագրվող մեղադրանքում նշված է, թե գործարար Սիլվա Համբարձումյանն ընդերքօգտագործման լիցենզիա ստանալու համար դիմել է որոշ բարձրաստիճան պաշտոնյաների կաշառք տալու համար, որոնք էլ համաձայնել են։ Գևորգյանը խնդրեց դատարանին պարզաբանել, թե բարձրաստիճան պաշտոնյաներ ասելով ո՞ւմ նկատի ունեն։
Դատավոր Աննա Դանիբեկյանը հայտնեց, որ հիմա պետք է անցնեն ապացույցների հետազոտմանը։ Իսկ Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը հայտարարեց` իր պաշտպանյալի իրավունքներ խախտվում են, քանի որ չեն բացատորւմ մեղադրանքի էությունը։ Դատարանի դիրքորոշմանն ի պատասխան Սահակյանը լքեց նիստերի դահլիճը։
Դատավորը հեռացավ խորհրդակցական սենյակ` Սահակյանի նկատմամբ սանկիցա կիրառելու հարցը որոշելու։ Այսօր ժամը 15։00-ին կհրապարակվի դատական ակտը։
Հիշեցնենք՝ Արմեն Գևորգյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2006 թվականի փետրվարից մինչև 2008 թվականի ապրիլի 21-ը հանդիսանալով պետական մարմնում պաշտոնատար անձ, վերոնշյալ գործարքի շրջանակներում Սամվել Մայրապետյանի օժանդակությամբ Սիլվա Համբարձումյանից ստացել է 309 միլիոն դրամին համարժեք 1 մլն դոլար կաշառք և օրինականացրել ստացված եկամուտները։