ՌԱԴԻՈ

Վերջին 40 տարիներին ՀՀ–ում մարտին ձյան նման առատ ու երկարատև տեղումներ չեն գրանցվել

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է հանրապետության տարածքում և մայրաքաղաքում վերջին օրերին գրանցված առատ տեղումներին։
Sputnik
Մարտ ամսվա երկրորդ տասնօրյակի կտրվածքով արդեն իսկ նորմայից երկու անգամ ավել տեղումներ ունենք, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի ժ/պ Լևոն Ազիզյանը։
Նրա տեղեկացմամբ` վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։ Շրջաններում արդեն առաձին հատվածներում տեղումների քանակը կազմում է նորմայի 210-230 տոկոսը։
«Կլիմայի գլոբալ փոփոխության հետևանքով նման երևույթները գնալով շատանում են, և նման տեղումները դրա վառ ապացույց են։ Մինչև մարտ ամիս պատկերը բավականին վատ էր, և աշնանային ու ձմեռային չորս ամիսների ընթացքում տեղումները հիմնականում եղել են նորմայից պակաս, ջերմաստիճանը բավականին բարձր էր, և ձնակուտակումներ չեն եղել։ Մարտի առաջին տասնօրյակից սկսած, բարեբախտաբար, տեղի է ունենում ինտենսիվ ձնակուտակում, ինչը խիստ նպաստավոր է»,– ասաց Ազիզյանը։
Նրա փոխանցմամբ` դրական է, որ ջրային պաշարներ կկուտակվեն, և նախնական կանխատեսումների համաձայն` Ազատի և Մարմարիկի ջրամբարներում կլինի 100 տոկոսանոց լցվածություն, Ապարանի և Ախուրյանի ջրամբարներում`70-75 տոկոս, Արփիի ջրամբարում` 80 տոկոս, մինչդեռ տեղումներից առաջ պատկերը բավականին վատ էր։
«Ցածր ջերմային ֆոնը նպաստավոր է նաև գյուղատնտեսության համար, որովհետև վեգետացիան մարտի առաջին տասնօրյակում արդեն իսկ սկսվել էր, իսկ հիմա այն դադարել է, և ցրտահարության ռիսկերը հասել են նվազագույնի»,– նշեց «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի ժ/պ–ն։
Ազիզյանի դիտարկմամբ` Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 17 սանտիմետրով նորմայից ցածր է, բայց այս տարի ապրիլ–հունիս ամիսներին կանխատեսվում է 35-40 սանտիմետր բարձրացում, ինչը միջինին մոտ ցուցանիշ է, իսկ տարեվերջին կանխատեսվում է, որ հունվարի համեմատ կլինի նույն մակարդակը։ Ըստ նրա` եղել են տարիներ, երբ ունեցել ենք ավելի շատ ձնածածկույթ, սակայն ապրիլին տեղումներ չեն եղել և գրանցվել է աստիճանական ձնհալ, բայց եթե ապրիլ ամսին ձնհալն ուղեկցվի տեղումներով, ապա բոլոր նպաստավոր պայմանները կստեղծվեն, որպեսզի տարին լինի միջինից փոքր-ինչ ավելի ջրառատ։
Շինուհայրից մինչև Կապան հարյուրավոր մեքենաներ են կանգնած. երթևեկությունը կաթվածահար է
Անդրադառնալով այն հարցին, թե առատ տեղումների հետևանքով ջրհեղեղների վտանգ կա՞, Ազիզյանն ընդգծեց, որ նման կանխատեսումներ հնարավոր է անել հնգօրյա վաղորոքությամբ, որովհետև այդ ամենը կախված է փաստացի վիճակից, եղանակային կանխատեսումներից և ձնհալի ինտենսիվությունից. տվյալ հարցում երկարաժամկետ կանխատեսումներ ոչ ոք որևէ երկրում չի կարող անել։
Օդերևութաբանների կանխատեսումներով` Երևանում մարտի 23-ի, 25-ի գիշերը և երեկոյան, 24-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ՝ ձյան և ձնախառն անձրևի տեսքով: Մարտի 22-ին, 23-ի և 25-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: