Դատարանը ծայրահեղականության համար Ռուսաստանում արգելել է Facebook–ը և Instagram–ը

Դատարանի մուրճ
Գլխավոր դատախազությունը նման հայց է ներկայացրել, որպեսզի պաշտպանի ռուսաստանցիներին իրենց իրավունքների հետագա խախտումներից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Մոսկվայի Տվերի դատարանը ծայրահեղական գործունեության համար Ռուսաստանում արգելել է Facebook-ն ու Instagram-ը։ Տեղեկությունը դատարանի դահլիճից հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը:
Դատարանը հայտնել է, որ որոշումն անմիջապես կկատարվի։ Գլխավոր դատախազությունն այս հայցով ցանկանում է պաշտպանել ռուսաստանցիներին իրենց իրավունքների հետագա խախտումից։
Այսպես, Instagram-ն անտեսել է Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության մասին ֆեյքերի հեռացման ավելի քան 4,5 հազար պահանջ ու չարտոնված հանրահավաքների կոչեր:
Դատախազների կարծիքով՝ ծայրահեղական տեղեկատվությունը սպառնում է ինչպես առանձին մարդկանց, այնպես էլ ընդհանուր հասարակությանը։ Գլխավոր դատախազությունն ընդգծում է` ընկերությունը խախտում է սեփական կանոնները՝ թույլատրելով ռուս զինվորականների սպանության կոչեր:
Դատախազը նշել է, որ որոշումը չի տարածվում WhatsApp–ի մեսենջերի վրա և միայն ծառայություններից օգտվելու համար մարդկանց չեն պատժի:
Meta-ի ներկայացուցիչն իր հերթին հակադարձել է, որ ռուս օգտատերերն այդ հարթակները համարում են շփման հարթակ: Բողոքներ առաջացրած տեղեկատվությունը կազմում է ընդհանուր հոսքի միայն չնչին մասը, իսկ խախտումների համար ընկերությունն արդեն տուգանքներ վճարել է։
Meta-ում ընդգծել են` արգելափակման դեպքում անհասանելի կդառնա տեղեկատվության հսկայական քանակություն:
Ավելի վաղ Meta Platforms-ն Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Facebook-ում և Instagram-ում ժամանակավորապես թույլատրել է ռուս զինվորականների, բայց ոչ ՌԴ քաղաքացիական բնակչության դեմ բռնության կոչերը:
Ռուսաստանում ԱՄՆ դեսպանին կանչել են ԱԳՆ և բողոքի նոտա հղել Բայդենի խոսքերի պատճառով
Դրանից հետո ՌԴ Գլխավոր դատախազությունը բարձրացրել է Meta-ն ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու հարցը, իսկ ՌԴ ՔԿ-ն քրեական գործ է հարուցել ծայրահեղականության հրապարակային կոչերի և ահաբեկչությանն աջակցելու վերաբերյալ:
Meta-ի փոխնախագահ Նիկ Քլեգն ավելի ուշ բացատրել է, որ նոր քաղաքականությունը կկիրառվի միայն Ուկրաինայում և հավաստիացրել է, որ Meta-ն ռուսատյացություն չի հանդուրժի:
Ռոսկոմնադզորը երկրի Գլխավոր դատախազության պահանջով սահմանափակել է Ռուսաստանում Instagram–ի հասանելիությունը` ռուսաստանցիների նկատմամբ բռնության կոչերի պատճառով: Անցյալ երկուշաբթի օրվանից Instagram–ն անհասանելի է ռուսական IP հասցեների համար։
Իսկ մինչ այդ Ռոսկոմնադզորը Ռուսաստանում արգելափակել էր նաև Facebook–ը` ռուսական ԶԼՄ-ների և տեղեկատվական ռեսուրսների զանգվածային խտրականության պատճառով, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի, Sputnik-ի և RT-ի: