ՌԴ քաղաքացիները չեն պատժվի Facebook-ից և Instagram-ից օգտվելու համար

Դատախազի խոսքով` ՌԴ–ում սոցցանցերի արգելափակումը տեխնիկապես հնարավոր է շրջանցել, և շատ քաղաքացիներ պահպանել են իրենց էջերն այդ սոցցանցերում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 21 մարտի – Sputnik. Եթե Ռուսաստանում արգելվի Meta-ն, ապա Facebook-ի և Instagram-ի օգտատերերը չեն պատժվի արգելափակումը շրջանցելու համար, գրում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով Մոսկվայի Տվերսկոյի դատարանում գլխավոր դատախազության ներկայացուցչին։
«Մարդիկ պատասխանատվության չեն ենթարկվի միայն այն բանի համար, որ օգտվում են Meta -ի արտադրանքից», - պարզաբանել է դատախազը:
Նրա խոսքով` իսկապես արգելքը շրջանցելու տեխնիկական հնարավորություն կա, և Ռուսաստանի Դաշնության շատ քաղաքացիներ արդեն նոր հաշիվներ ունեն կամ պահպանել են նախկին հաշիվներն այդ սոցիալական ցանցերում։
Ավելի վաղ Meta Platforms-ը, հաշվի առնելով Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողությունները, ժամանակավորապես հանել էր Facebook-ում և Instagram-ում ռուս զինվորականների, «բայց ոչ ՌԴ քաղաքացիական բնակչության դեմ» բռնության կոչերի արգելքը:
Դրանից հետո ՌԴ գլխավոր դատախազությունը բարձրացրել է Meta–ն ծայրահեղական կազմակերպություն ճանաչելու հարցը, իսկ ՌԴ քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել ծայրահեղականության հրապարակային կոչերի և ահաբեկչությանն օժանդակելու հատկանիշներով։
Meta-ի հակառուսական նոր քաղաքականությունը կկիրառվի միայն Ուկրաինայում
Ռոսկոմնադզորը ՀՀ գլխավոր դատախազության խնդրանքով Ռուսաստանում սահմանափակել է Instagram սոցցանցի մուտքը` ռուսների նկատմամբ բռնություն գործադրելու կոչերի պատճառով։ Instagram-ն արդեն անհասանելի է ռուսական IP հասցեներից մուտք գործելու դեպքում։
Իսկ մինչ այդ Ռոսկոմնադզորն արգելափակել էր Facebook-ը Ռուսաստանում՝ ռուսական լրատվամիջոցների և տեղեկատվական ռեսուրսների, այդ թվում՝ ՌԻԱ Նովոստիի, Sputnik-ի և RT-ի նկատմամբ զանգվածային խտրականության պատճառով։