ԵՐԵՎԱՆ, 21 մարտի - Sputnik. Մարտի 21-25-ը հանրապետության տարածքում ցիկլոնի ազդեցությունը պահպանվելու է, սակայն համեմատած մարտի 20-ի հետ` այն զգալիորեն կկորցնի իր ուժը։ Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Տեղեկացվում է, որ առաջիկա 5 օրերին պարբերաբար հանրապետության առանձին շրջաններում ձյան տեսքով տեղումները կշարունակվեն, լեռնային գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանն առաջիկա 5 օրերին առանձնապես չի բարձրանալու, այն կշարունակի կլիմայական նորմայից ցածր մնալ մոտ 5-8 աստիճանով։
Կենտրոնից հիշեցնում են, որ վերջին 8 օրերին հանրապետության ամբողջ տարածքում օդի օրական միջին ջերմաստիճանը նորմայից ցածր է 6-8 աստիճանով։
«Տեղումների քանակն այսօրվա դրությամբ՝ բացառությամբ Արարատյան դաշտի, հանրապետության մեծ մասում կազմում է նորմայի 150-200, առանձին հատվածներում՝210-230%-ը։ Վերջին երեք օրերին հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված` հանրապետության առանձին շրջաններում դիտվել է ռեկորդային քանակի ձյուն։ Մասնավորապես Տավուշի, Լոռիի, Սյունիքի առանձին հատվածներում 3 օրվա ընթացքում ձյան ծածկն ավելացել է 60-70սմ-ով, իսկ առանձին բնակավայրերում հասել է 100սմ-ի և ավելին»,–ասված է հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ մարտի 20-ին հանրապետության մեծ մասում դիտված սաստիկ բքի պատճառով մի շարք ճանապարհներ եղել են անանցանելի:
Ի դեպ, վերջին 40 տարիների ընթացքում մեր երկրում մարտ ամսին նման ինտենսիվությամբ և երկարատև ձյան առատ տեղումներ չեն գրանցվել։